«Հարված ռուսական միջնորդությանը. կողմերը նախընտրում են արևմտյան ձևաչափը». Հերմինե Մխիթարյան

Երեկ Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը վերածվեց Փաշինյան-Ալիև բանավեճի՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման պատճառով։ Հյուրի կարգավիճակով ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Իլհամ Ալիևն իր ելույթում խոսեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտից, իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ձևակերպումը վերջին տարիներին ծառայում է Հայաստանի դեմ տարածքային նկրտումների համար։ Իր հերթին՝ Ալիևն ասաց, որ իրենք տարածքային նկրտումներ Հայաստանի հարցում չունեն։ Իլհամ Ալիևն էլ ավելի ուշագրավ շեշտադրումներով շարունակեց՝ կրկնելով «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն ու ասելով, որ այդ պրոյեկտն ունի ՌԴ աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն պրոյեկտին, որից Ալիևը խոսում էր:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի խոսքով՝ այս բանավեճը հարված էր ռուսական միջնորդությանը:

«Այս բանավեճ կոչվածը բավական բացասական երանգ ու նշանակություն ունի միջնորդի և այդ հարթակի համար, որտեղ դա տեղի էր ունենում: Սա, իհարկե, հարված էր ռուսական միջնորդությանը, այստեղ արդեն չտարանջատենք՝ հայկակա՞ն կողմից, թե՞ ադրբեջանական, միջադեպն ինքնին հարված էր: Եթե համադրենք դրան հաջորդած եռակողմ հանդիպման և դրա արդյունքների հետ, սա ցույց էր տալիս, որ զուգահեռ գործող բանակցային ձևաչափերից կողմերն առավելությունը տալիս են միացյալ Արևմուտքի միջնորդությամբ ձևաչափին, և արդյունավետությունն այնտեղ է ավելի շատ նկատելի դառնում:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այդ բանավեճի բովանդակությանը, այդտեղ նորություն չկար՝ Ադրբեջանը մշտապես խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, և այստեղ հղումը դեպի ռուսական կողմը գալիս է նոյեմբերի 9-ի փաստաթղթից և կոմունիկացիաների խնդրից, որտեղ չկա «Զանգեզուրի միջանցք» անվանումը: Ադրբեջանն այդպես է մեկնաբանում և այդպես է մատուցում, Ալիևն ինքն էլ է ասել, որ այդ տերմինաբանությունն ինքն է մտցրել, այսինքն՝ որևէ փաստաթղթում սա չկա: Հայաստանի մոտեցումն էլ է բազմիցս բարձրաձայնվել և խոսվել այն մասին, որ այստեղ միջանցքային տրամաբանություն պարզապես չի կարող լինել, և եթե սա ընկալելի ու ընդունելի է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում, ապա այդ միջազգային տրամաբանությունից հրաժարվելը արդեն պրոյեկտվում է Լաչինի միջանցքի վրա: Մենք սրա ականատեսը եղանք այս հանդիպմանը նախորդած բրյուսելյան հանդիպման համատեքստում, երբ ընդհանրապես Լաչինի միջանցքի մասին էլ խոսք չկար: Անգամ այս հարցում հետևողականության և հստակության պակասը բերում է նրան, որ այդ միջանցքային տրամաբանություն չասվածը լղոզած կերպով արդեն Արցախի վրա էլ ենք տարածում, ինչը լրջագույն խնդիր է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Փորձագետի դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ փաստն այն է, որ կողմերը արևմտյան ֆորմատում հասել են իրենց պատկերացրած վերջնական ստորագրման փուլին. «Բայց մեր տարածաշրջանում միայն Արևմուտքը չէ, որ ակտիվ է, շատ այլ գործոններ կան, պետություններ կան, որոնք հստակ իրենց շահերն ունեն, և հնարավոր է՝ չթողնեն հասնի նրան, որ պայմանագիրը ստորագրվի, հնարավոր է՝ կողմերն այլ հարցեր բարձրացնեն և տապալեն գործընթացը: Այսինքն՝ ունենալ վստահություն, որ այդ գործընթացը առանց խոչընդոտի հասնելու է մինչև պաշտոնական ստորագրում… Ի դեպ, այդ ստորագրումն էլ հանգրվանային ինչ-որ կետ է, ստորագրումից հետո միջպետական պայմանագիրը պետք է անցնի վավերացում, իսկ դա ամիսներ է տևում՝ խորհրդարան, ՍԴ, այսինքն՝ դա ընթացակարգ է, որը պետք է պահպանվի: Այսինքն՝ անգամ այդ ստորագրումն էլ վերջնական հանգրվանը չէ, պետք է ներպետական ընթացակարգեր գործեն: Այս տեսանկյունից խաղաղության պայմանագրի ստորագրման օրեր նշելը ճիշտ չէ, բայց կանխատեսել, որ այդ ստորագրությունը մոտ է՝ հաշվի առնելով այսօրվա պրոցեսը, իհարկե այդպես է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս