Գնդակահարության պատը՝ Բաղրամյան պողոտայում
Նիկոլ Փաշինյանի ամենասիրած հեքիաթն իր իշխանության լեգիտիմության մասին ցնդաբանությունն է։ Նա բոլոր հնարավոր առիթներով կրկնում է «Սահմանադրությամբ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը և իրեն ներկայացնում է՝ որպես ժողովրդի իշխանության կրող։
Ֆորմալ առումով, իսկապես Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և դա ամրագրված է Սահմանադրությամբ։ Բայց Սահմանադրությունը սիրային բանաստեղծությունների ժողովածու չէ, որ կարելի է դրանից ընտրել միայն առավել հոգեպարար քառյակները և երգեցիկ ձայնով դայլայլել խարույկի շուրջ, ինչպես վերջերս անում էր Նիկոլ Փաշինյանը դպրոցահասակ երեխաների զարմացած հայացքների ներքո։ Սահմանադրությունը երկրի իրավական համակարգի հիմքն է, պետական կարգի ողնաշարը, որը գործում է միայն ամբողջականության, համալիր ու համակարգային գործառնության ռեժիմում։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, Սահմանադրությունից մեջբերում է միայն այն, ինչ ձեռնտու է իրեն, սովորության հանգույն՝ նաև երկրի Մայր օրենքը ծառայեցնելով սեփական անձի նեղ շահերին։
Աշխատանքից ազատ ժամերին մեջբերելով Սահմանադրության՝ իրեն հարմար հոդվածները, աշխատանքային օրվա ընթացքում նա Սահմանադրությունը ոտնահարում է այնքան ու այնպես, որ մնացած կյանքը չի բավարարի դրա համար օրենքով նախատեսված պատժաչափը որևէ խցում կրելու համար։
Իր պաշտոնավարման հինգ տարիներին Նիկոլ Փաշինյանը, իհարկե, տարբեր դրվագներով ոտնահարել է Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ (սկսած դատարանների շրջափակումից՝ մինչև Սահմանադրական դատարանի առում և ՏԻՄ-երում ընտրված ղեկավարներից իշխանության ուզուրպացիա), բայց այն, ինչ հիմա նա անում է՝ կապված Արցախի հանձնման և «խաղաղության դարաշրջանի» հետ, ոչ միայն Սահմանադրության առանցքային հոդվածների ուղղակի ոտնահարում է, այլ Սահմանադրության ոգու, սահմանադրականության, ուստի նաև՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության պետականության ճարտարապետության բռնաբարություն։
Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը ոտնձգում է ՀՀ Սահմանադրության հիմքում դրված Անկախության հռչակագրի և դրա հետ օրգանական կապ ունեցող այլ համակարգաստեղծ հոդվածների դեմ։ Այսինքն՝ Փաշինյանի ներկայիս գործողությունները, բացի դավաճանական, հակապետական լինելուց (ինչպես գնահատվում է քաղաքական հարթությունում), նաև ու առաջին հերթին՝ հակասահմանադրական են։ Հետևաբար՝ նրա գործունեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ երկրում սահմանադրական կարգի տապալում, ինչը, ի տարբերություն քաղաքական որակումների ու գնահատականների, ենթակա է քրեաիրավական խստագույն պատժի՝ դրանից բխող ոչ լիրիկական հետևանքներով։
Այսպիսով, եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի այն տրամաբանությամբ, որ իր իշխանության գերագույն աղբյուրը ՀՀ Սահմանադրության՝ իր սիրելի հոդվածն է, պետք է արձանագրել նաև, որ իր քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է այդ նույն Սահմանադրության դեմ։ Հետևաբար՝ նույն այդ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի սիրելի «գնդակահարության պատի» ամենահարմար վայրը Բաղրամյան պողոտայում է՝ ի դեմս Սահմանադրական դատարանի հոյակերտ պատերից որևէ մեկի։ Իսկ սահմանադրական գնդակահարությունը տեղի չի ունենում այն պատճառով, որ հայ հասարակությունը չի օգտվում նույն Սահմանադրությունից, որը,
բացի իշխանության լեգիտիմության դրույթից, ամրագրում է նաև Սահմանադրության և պետության դեմ գործունեությունը կանխելու նույնքան լեգիտիմ իրավունքներ։ Առայժմ։
Հարություն Ավետիսյան