Սեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն շուտով կարող է ռազմական արբանյակ արձակել
Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չո Թհե Յոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կարող է «մոտ ապագայում» արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռյոնհապ» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր հետ մայիսի 16-ին ստուգել էր առաջին ռազմական հետախուզական արբանյակի արձակման նախապատրաստումը և հայտարարել դրա ռազմավարական կարևորության մասին: Կիմ Չեն Ընը «հավանություն է տվել արբանյակի արձակման նախապատրաստական կոմիտեի աշխատանքի հետագա պլանին»:
«Մոտ ապագայում արձակման հնարավորություն կա։ Այդ դեպքում մեր կողմից ջանքեր կգործադրվեն, և դա կհանգեցնի միջազգային հանրությունում Հյուսիսային Կորեայի դիվանագիտական մեկուսացման խորացմանը»,-հայտարարել է Չո Թհե Յոնը Ռյոնհապ գործակալությանը տված հարցազրույցում՝ նախազգուշացնելով, որ Փհենյանն այդ դեպքում կբախվի ավելի խիստ պատժամիջոցների, ինչպես Սեուլի առանձին, այնպես էլ այլ պետությունների հետ համատեղ: