ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելգորոդի մարզ ներխուժած ուկրաինական խմբերի ոչնչացման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում ՌԴ Բելգորոդի շրջանի տարածք ներխուժած ավելի քան 70 ուկրաինացի ահաբեկիչներ ոչնչացվել են ավիացիայի, հրետանու և ռուսական ստորաբաժանումների կողմից։
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ներխուժողներից մի քանիսը հետ են մղվել Ուկրաինայի տարածք և ոչնչացվել այնտեղ:
«Մնացած ազգայնականները հետ են շպրտվել Ուկրաինայի տարածք, որտեղ նրանց ուղղությամբ շարունակել են կրակ վարել, մինչև նրանք ամբողջությամբ չեզոքացվել են: Ոչնչացվել են ավելի քան 70 ուկրաինացի ահաբեկիչներ, 4 զրահապատ մարտական մեքենա և 5 պիկապ», – հավելել է Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ներխուժմանը նախորդել էին «Կոզինկա» միջազգային անցակետի, ինչպես նաև Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի մի շարք այլ քաղաքացիական օբյեկտների ինտենսիվ գնդակոծությունները:
Ըստ Կոնաշենկովի՝ «ուկրաինական ազգայնական կազմավորման ստորաբաժանումը» Ռուսաստանի տարածք է ներխուժել մայիսի 22-ին: Մարզում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ:
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Գրայվորոնսկի շրջանի տարհանված բնակիչներին հորդորել էր առայժմ չվերադառնալ իրենց տներ:
Ուկրաինական լրատվամիջոցներն, անդրադառնալով Բելգորոդում տիրող իրավիճակին, նշում են, որ մարզի տարածք են ներխուժել ՌԴ վարչակարգին դեմ հանդես եկող ռուսաստանցի պարտիզանները: