
Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ երկիր այցելելու դեպքում Պուտինը կձերբակալվի

Մոլդովայի իրավապահները, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշման համաձայն, կձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի հանրապետություն։ Այս մասին Euronews Romania-ին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը կձերբակալվի Մոլդովա ժամանելու դեպքում։
«Այո՛, Մոլդովայի Հանրապետությունը պայմանագիր է ստորագրել քրեական դատարանի մասին, և Մոլդովան կհարգի դատարանի որոշումը», – պատասխանել է Սանդուն։
Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ վերջին անգամ Պուտինը նախագահի պաշտոնում Մոլդովայում եղել է 2002 թվականի հոկտեմբերին կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։ 2008 թվականի նոյեմբերին նա վարչապետի պաշտոնում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Քիշնևում։
Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեղադրանքով։ Մարտի 20-ին ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազի և դատավորների դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն ակնհայտորեն անօրինական են, քանի որ ՌԴ նախագահին և երեխաների օմբուդսմենին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան։