«Մի անգամ դպրոցում» ֆիլմի սցենարը լավագույնն է ճանաչվել միջազգային կինոփառատոնում
«Մի անգամ դպրոցում» կատակերգությունը, որը պատմում է ընկերության, նվիրումի, հանուն արդարության պայքարի մասին, հաղթել է «Բյուրեղապակյա փոկ» (Хрустальный нерпенок) մանկապատանեկան և ընտանեկան կինոյի միջազգային կինոփառատոնի «Միջազգային մրցույթում լավագույն սցենար» անվանակարգում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատել են ֆիլմի ստեղծման վրա: «Որպեսզի սցենարը նման մրցանակի արժանանար, ֆիլմը պետք է կայանար, ունենար հաջողություն, որից հետո այն կարող էինք ուղարկել փառատոնների, մրցույթների: Հաղթանակն ամբողջ թիմինն է, և ես շնորհակալ եմ նրանց, ում աջակցությամբ այս պատմությունը տեղ է հասել, հուզել է մարդկանց»,-շեշտեց Ավագյանն ու հավելեց՝ ֆիլմն առաջիկայում կարող են նաև այլ մրցույթների և փառատոնների ներկայացնել:
Ավելի վաղ Ավագյանը պատմել էր, որ կինոնկարը ոչ թե հենց դպրոցին է անդրադառնում, այլ դպրոցի միջոցով բարձրաձայնում է խնդիրներ, որոնք, ըստ իրենց, առկա են մեր իրականությունում: «Խոսքը երիտասարդների արժեքների, նրանց՝ հերոսների ընկալման մասին է: Ֆիլմի խնդիրն է ընդգծել, որ երեխաները հերոսների կարող են փնտրել գրքերում, ոչ թե սոցցանցերում: Հերոս է այն մարդը, որն ունի բարձր արժեքներ, կարողանում է լուծել խնդիրներ, միայն ուժեղ տղա չէ, այլև արդարամիտ մարդ բոլորի նկատմամբ»,-նշել էր Ավագյանը:
Կինոնկարում արժեհամակարգի ձևավորողներն են ոչ միայն ուսուցիչները, ծնողները, այլև խորհրդավոր պապիկը և նրա գրքերը: Ներկայացվում են հայ և համաշխարհային գրականության այն նմուշները, որոնք ծանոթ են հանրության լայն շրջանակին և ընկալելի բոլորի համար:
Հանդիսատեսը կարող է տեսնել ուսուցիչների, աշակերտների ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
Ֆիլմում ընդգրկված են սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը որդու հետ, Վահագն Գալստյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Նաիրա Շահիրյանը, Արա Սարգսյանը և այլք: Երիտասարդ դերասաններից են Արթուր Բեգջանյանը, Դալիթա Ավանեսյանը, Ստեփան Հովհաննիսյանը և ուրիշներ:
«Մի անգամ դպրոցում» կինոնկարը Տիգրանի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորում է իր բացասական կողմերը, հաճախակի հայտնվում է պատմությունների մեջ և չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ: Տիգրանը հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակն ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույն դպրոց, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել: Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին՝ անկախ ի հայտ եկած թաքնված չարագործից։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Պրոդյուսերներն են Տիգրան Համբարձումյանը և Վահան Գրիշկյանը:
Անժելա Համբարձումյան