«Թուրքիան գտնվում է արժույթային ճգնաժամի ճանապարհին». The Hill
Ամերիկյան The Hill լրատվական կայքում տնտեսագետ Դեսմոնդ Լաչմանը վերլուծություն է հրապարակել այն մասին, թե Թուրքիայում համապետական ընտրություններն ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա և նշել է, որ Թուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի ճանապարհին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լաչմանը, անդրադառնալով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին, նշել է․ «Չնայած սարսափելի տնտեսական քաղաքականությանը, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կընտրվի։ Թուրքիան հավանաբար կշարունակի վարել նույն ոչ ավանդական դրամային քաղաքականությունը, որը ստեղծում է անսովոր բարձր գնաճ և սպառում երկրի արժութային պահուստը։ Հավանականությունը մեծ է, որ Թուրքիայում մոտ ժամանակներս գնաճի նոր պայթյուն կլինի և տնտեսական վնասը կհանգեցնի նոր արժույթային ճգնաժամի»։
Մեջբերելով Էրդողանի խոսքերը, թե տոկոսն է պատճառը, գնաճը՝ արդյունք, տնտեսագետը հայտնել է, որ բոլոր տնտեսագետները գործնականում համակարծիք են, որ գնաճը կրկին վերահսկելու համար բարձր տոկոսները ցանկացած քաղաքականության փաթեթի հիմնական տարրն են։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ընտրությունների ընթացքում աջակցություն ստանալու համար արհեստականորեն ճնշել է գնաճը և թվում է, որ Էրդողանն այս շրջանն էլ կղեկավարի և տեղի կունենա արժույթի զանգվածային ճգնաժամ և ուժեղ ճնշում, ինչն էլ կարող է հանգեցնել կապիտալի վերահսկողության»,-նշել է Լաչմանը։