Բաժիններ՝

Ի՞նչ է ֆիշինգը։ ՀՀ-ում տարածում գտած նոր ձևը

Մեր հաղորդումներում հաճախ ենք անդրադառնում համացանցային խարդախությունների։ Նպատակը քաղաքացիներին իրազեկելն է։ Այս անգամ անդրադառնալու ենք կիբերհանցագործության ֆիշինգ կոչվող տեսակին, որը համացանցի հետ մտավ կենցաղ, համացանցի հետ կատարելագործվեց և պարբերաբար ձեռք է բերում նոր ձևեր։ Վերջին շրջանում տարածում է ստացել ֆիշինգի նոր տեսակ։

Խարդախության այս նոր ձևի մեխանիզմը հետևյալն է. հանցագործները բջջային հեռախոսահամարին, իբր «Հայփոստ» ընկերության անունից, ուղարկում են հաղորդագրություն՝ ծանրոցի առաքման վերաբերյալ և, որպես առաքման վճար, նշում չնչին, խորհրդանշական գումար: Գումարը վճարելու համար հաղորդագրության մեջ նշվում է ֆիշինգային (կեղծ) հղում։ Մուտք գործելով՝ քաղաքացին տեղափոխվում է ոչ թե «Հայփոստ» ընկերության, այլ նմանեցված, կեղծ կայք, որտեղ իբր անհրաժեշտ է լրացնել բանկային քարտի տվյալներ՝ բանկային քարտի 16-նիշանոց թիվը, վավերականության ժամկետը, քարտապանի անուն-ազգանունը, հետնամասի գաղտնի կոդը և բանկային քարտին կից բջջային հեռախոսահամարին ստացված կոդը:

Քաղաքացին անգամ չիմանալով, թե ինչ կարող է թաքնված լինել այդ ամենի հետևում և լրացնելով պահանջվող տեղեկատվությունը, կամքից անկախ, իր բանկային քարտի տվյալները տրամադրում է հանցագործին, որն էլ դրանց միջոցով հափշտակում է քարտում առկա նրա ֆինանսական միջոցները:

Հորդորում ենք՝ եթե արդեն դարձել եք խարդախության զոհ և կրել ֆինանսական կորուստներ, անհրաժեշտ է անհապաղ դիմել ոստիկանության մասնագիտացած ստորաբաժանում՝ զանգել 1-02 կամ 011-56-27-18 հեռախոսահամարներով։ Հանցագործության բացահայտման պարագայում ոչ միայն հնարավոր է կորստի վերականգնում, այլև կկանխվեն ֆիշինգ կոչվող խարդախության նոր դեպքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս