Գողության փորձ կատարող տղամարդը, տեսնելով տանտիրուհուն և նրա դստերը՝ դիմել էր փախուստի
Մայիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ անհայտ անձը ապօրինի մուտք էր գործել Աղավնատուն գյուղի Թումանյան փողոցի տներից մեկը և փորձել գողություն անել, սակայն տեսնելով տանտերերին՝ դիմել էր փախուստի:
Համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկությունն իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ: Համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողության փորձն արել էր երևանցի 52-ամյա մի տղամարդ, որը Էջմիածին քաղաքի Թումանյան-Պատկանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ նա տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրել և մտել էր նշված տուն, խառնել իրերը, բայց հանդիպելով տանտիրուհուն և նրա դստերը՝ դիմել էր փախուստի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: