Բաժիններ՝

Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ

Աֆղանստանի բնակչության շուրջ 90%-ը, այդ թվում՝ երեխաները, գտնվում են աղքատության շեմին: Նման տվյալներ է հաղորդել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ֆրան Էկիսան Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

Նրա խոսքով՝ 2023 թ.-ին 2,3 միլիոն երեխա կարող է բախվել թերսնման, ընդ որում՝ նրանցից 175 հազարը բուժման կարիք ունի սննդի անբավարարության հետ կապված կյանքի համար վտանգավոր պայմանների պատճառով:

«Խոսելով այս երկրի մասին, որը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, պայքարում է հումանիտար աղետի, կլիմայի փոփոխության հետ կապված տարերային աղետների և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ, շատերը մոռանում են, որ Աֆղանստանում երեխաների իրավունքների ճգնաժամ կա: Եվ այս ճգնաժամը միայն խորանում է», – ասել է Էկիսան։

Նրա խոսքով՝ այս տարի 140 հազար հղի կանայք և կերակրող մայրեր կբախվեն թերսնման։

Բացի այդ, ըստ պաշտոնյայի՝ Աֆղանստանում զենքերի թվի ավելացման պատճառով միայն այս տարվա հունվար-մարտ ամիսներին պայթուցիկ սարքերից զոհվել կամ հաշմանդամ է դարձել 134 երեխա:

Էկիսան հավելել է, որ ներկայում պահանջված միջոցների միայն 22%-ն է հատկացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ծրագրերի իրականացմանը՝ Աֆղանստանի երեխաներին աջակցելու համար։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համախմբվել և օգնել մեզ` մեղմելու երեխաների, կանանց և ընտանիքների տառապանքներն Աֆղանստանում», – եզրափակել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս