Բաժիններ՝

Վահան Քերոբյանը թվային փոխակերպումը համարում է Հայաստանում արտադրողականության բարձրացման գլխավոր բաղադրիչ

Կառավարությունը բազմիցս է հայտարարել, որ իր գլխավոր նպատակն է աշխատանքի արտադրողականության բարձրացումը և այդ ուղղությամբ մի քանի ծրագրեր է իրականացնում։ Yerevan Tech Forum-ի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսօր դեռևս մեր երկրի տնտեսության արտադրողականությունը մնում է բավականին ցածր։ Նախնական հաշվարկներով՝ մեկ մարդու մեկ ժամվա ստեղծած ավելացրած արժեքը գնահատվում է 8,7 դոլար այն դեպքում, երբ Եվրոպայում 60 դոլարից ավելին է։ Այսինքն, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր երկրի աշխատանքի արտադրողականությունը աշխարհի մակարդակով մրցունակ դառնա»,- նշեց Քերոբյանը։

Նախարարը ներկայացրեց Կառավարության կողմից մշակված մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։

«Առաջին բաղադրիչը սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերումն է, որի դեպքում Կառավարությունը վարկերի և տոկոսների զգալի մասը սուբսիդավորում է։ Կարող եմ ուրախությամբ նշել, որ մեկ տարվա աշխատանքից հետո ունենք 1700 վարկային պայմանագրեր, որոնք ձեռք են բերել 100 միլիարդ դրամի սարքավորումներ, ինչը ցույց է տալիս, որ ընկերությունները լայն թափով թարմացնում են իրենց սարքավորումները և հոսքագծերը՝ իրենց արտադրությունը դարձնելով ավելի ժամանակակից և մրցունակ։

Երկրորդ բաղադրիչը՝ օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավումն է։ Գիտեք, որ Հայաստանում աշխարհի մակարդակով մրցունակ ընկերություններ դեռ շատ չեն և մեր նպատակը հայկական ընկերություններին խրախուսելն է, որպեսզի նրանք ներգրավեն բարձրակարգ մասնագետներ իրենց ընկերություններում, և Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել այդ մասնագետների աշխատավարձի 20, 50 կամ 70 տոկոսը։ Ուրախությամբ նշեմ, որ առաջին եռամսյակում ունենք 300 բարձրակարգ մասնագետների հաստատված հայտեր։

Երրորդ բաղադրիչը վերաբերվում է թվային փոխակերպմանը։ Թվային փոխակերպումը արտադրողականության բարձրացման գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Տարբեր երկրների ընկերությունները թվային փոխակերպումների արդյունքում բարձրացնում են իրենց արտադրողականությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել թվային փոխակերպման գործընթացը օժանդակելու ծրագիրը, որը շուտով կհաստատվի»,- ասաց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս