Ինչո՞ւ է Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել Մոսկվա

Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստվում են վաղը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայանալիք բանակցություններին՝ զուգահեռաբար միմյանց մեղադրելով հրադադարի խախտումների մեջ, ՀՀ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հերթական բարձրաստիճան հանդիպման մասին Մոսկվայում։

Նա մասնավորապես ասաց․ «Ռուսաստանի նախագահից առաջարկ ենք ստացել Մոսկվայում ՌԴ նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպում անցկացնել և մենք ընդունել ենք այդ առաջարկը»։ Հայկական կողմը սրանով ըստ էության հայտնեց հանդիպման մասին և հաստատեց իր մասնակցությունը, ադրբեջանական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Սակայն ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ օրերս ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոթքի հատվածում դեպքերի ֆոնին հայտարարել էր, թե ՌԴ նախագահը կողմերի հետ շփումներ չի նախատեսում։ Այնուամենայնիվ ԱՄՆ պետքարտուղարի գործուն միջամտությամբ ակտիվացած արևմտյան հարթակում ազդարարված մի շարք բարձրաստիճան հանդիպումների ֆոնին ՌԴ նախագահի նախաձեռնությունն անակնկալ դարձավ։ Ի դեպ, հատկանշական է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր ասել է, թե կառույցում հուսով են, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավորինս արագ խաղաղություն կկնքեն:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար տեղի են ունենում բանակցություններ:

Վերջերս էլ Եվրոպայում է կայացել դրանց հերթական փուլը: «Բավարարությամբ պետք է նշեմ, որ Ադրբեջանը և Հայաստանը գործնականում փոխադարձաբար ճանաչում են Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով ամրագրված սահմանները: Հուսով ենք, որ բանակցությունները կհանգեցնեն խաղաղ պայմանագրի ստորագրման, ինչից հետո կողմերը սահմանազատման կանցնեն»,- ասել է Տասմագամբետովը, ըստ էության իր համերաշխությունը հայտնելով բանակցությունների բրյուսելյան օրակարգին։

Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով վերջին հանդիպումը կայացել էր նախորդ տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում, որը հաջորդել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը, որի ընթացքում կողմերը որպես բանակցությունների հիմք էին ընդունել Ալմա Աթայի 1991թ․ հռչակագիրը։

Սոչիի եռակողմ հանդիպմանն այլևս հնարավոր չեղավ պահպանել ռուսական այն առաջարկը, որն արվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի կողմից նախորդ տարվա օգոստոս ամսին, որը նախատեսում էր Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում։ Շաբաթներ առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը հարթակների միջև տարբերություն չի դնում, խաղաղության գործընթացը մեկն է, բանակցություններն էլ ընթանում են խաղաղության պայմանագրի միևնույն նախագծի և դրա հիմնադրույթների շուրջ։ «Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում։ Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, Բրյուսելում, թե Վաշինգտոնում»,- ասել էր Միրզոյանը, ըստ էության հայտարարելով թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում բանակցային միևնույն օրակարգի մասին։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի պասիվությունը տարօրինակ էր, և այս հանդիպումների նախաձեռնությունները ցույց են տալիս, որ Արևմուտքի առարկայական աշխատանքը մտահոգեց Ռուսաստանին։

Ըստ նրա, մինչ Վաշինգտոնում կայացած բանակցությունները՝ ՌԴ-ն որևէ լուրջ միջնորդական նախաձեռնությամբ հանդես չէր գալիս, ամենայն հավանականությամբ կարծելով, թե Արևմուտքը երբեք լրջորեն չի զբաղվելու այս հակամարտությամբ, առավել ևս այս հակամարտության կարգավորման խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել արևմտյան որևէ երկրում։

«Սակայն Բրյուսելում օրերս կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը կարևոր դարձավ այն իմաստով, որ պարզ դարձավ՝ կա հստակ կամք, քաղաքական ծրագիր Արևմուտքի մոտ հասնելու կարգավորման, որի հետևանքով խաղաղապահները դուրս կգան ռեգիոնից, և այդպես շարունակ։

Պետք է խոստովանել, որ առանց Բլինքենի միջնորդության՝ սա հնարավոր չէր լինի, հաշվի առնելով կողմերի տարաձայնությունները, բարդ օրակարգը, Մակրոնի դերակատարության հարցում կողմերի տարաձայնությունները, բրյուսելյան հարթակում առաջացած խնդիրները։ ԱՄՆ պետքարտուղարի անձնական ներգրավվածությունը նոր թափ հաղորդեց բրյուսելյան գործընթացին, առանց դրա սա չէր լինի։

Ես նաև կարծում եմ, որ առանց դրա Պուտինի հանդիպման նախաձեռնությունը չէր լինի։ Սա ոչ թե երկարատև դիվանագիտական մշակումների արդյունք է, այլ արձագանք ստեղծված իրավիճակին։

Բնականաբար, Ռուսաստանը փորձելու է գործընթացն Արևմուտքից շեղել դեպի Ռուսաստան՝ օգտագործելով տարբեր խաղաքարտեր, այս դեպքում՝ ԵՄ դիտորդների ներկայության փաստը ՀՀ-ում՝ Ադրբեջանի դեպքում, իսկ Հայաստանի դեպքում՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի հարցը»,- ասաց վերլուծաբանը։

Գոգոլաշվիլիի խոսքով, բնականաբար, մայիսի 25-ի հանդիպմանն ընդառաջ վաղը կայանալիք նախարարական հանդիպմանը կմշակվի որոշակի օրակարգ, շեշտադրումներ։

«Կարծում եմ՝ ռուսական կողմի համար առանձնապես ցավալի է այն հանգամանքը, որ այլևս չկա որևէ հիշատակում եռակողմ փաստաթղթերին, կփորձեն ռուսական գործոն մտցնել այս ողջ գործընթացում, հիշել այդ եռակողմ հայտարարությունները կամ, լավագույն դեպքում, ստանալ նոր եռակողմ հայտարարություն, ինչի հնարավորությունը շատ քիչ եմ գնահատում։

Որքան էլ բանակցությունների բովանդակությունը նույնն է, թվում է, թե այս առումով Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտ գոյություն չունի, բայց ինչ-որ տարբերություններ կան՝ պայմանավորված ռեգիոնալ շահերով, ուստի կա տարբերություն հարթակների միջև։ Գուցե մի փոքր արտասովոր թվա, բայց հնարավոր է՝ ռուսական կողմը նախատեսում է նոր առաջարկ անել, չէ՞ որ ՌԴ ներկայացուցիչը վերջերս ժամանել էր տարածաշրջան։ Գործընթացները կուլիսային են, սովորաբար արդյունքները շատ ուշ են տեսանելի դառնում, բայց ռուսական կողմի մոտ կա ինչ-որ նախաձեռնություն, թե ինչ՝ չեմ կարող ասել։

Իսկ ՌԴ շահը խաղաղապահներին պահելն է։ Սակայն, ինչպես երևում է՝ մինչ Խաղաղության պայմանագրի վերջնականացումը, գործընթացի շուրջ աշխարհաքաղաքական նյարդային խաղ է սպասվում, որը հղի է տարբեր զարգացումներով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս