«Ադրբեջանական լվացքատան» գործի ֆիգուրանտ է Պահպանողական կուսակցության խոշոր դոնորներից մեկը. BBC
Մոտ երկու տարի տեւած դատական գործընթացներից հետո, որում BBC-ին ակտիվ մասնակցություն ուներ, Լոնդոնի դատարանը թույլ տվեց հրապարակել հայտնի ձեռնարկատիրոջ եւ Պահպանողական կուսակցության հովանավորի անունը, որի արտասահմանյան ընկերությունները ներգրավված էին խոշոր կոռուպցիոն խարդախության մեջ:
Իրանական ծագմամբ այս բրիտանացի միլիարդատերը, Բրիտանական կայսրության բիզնեսի եւ բարեգործության ոլորտում ծառայությունների համար շքանշանի ասպետ Ջավադ Մարանդին է։
Ինքը՝ Մարանդին, որի փաստաբանները երկար ժամանակ պայքարում էին այս գործով իր պաշտպանյալի անանունության իրավունքի համար, կտրականապես հերքում է ցանկացած խախտում եւ պնդում, որ քրեական գործն անձամբ իրեն չի վերաբերում։
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) պարզել է, որ Մարանդիի արտասահմանյան ակտիվների մի մասը առանցքային դեր են խաղացել փողերի լվացման բարդ սխեմայում, որի կարեւոր տարր է Ադրբեջանի ամենահարուստ օլիգարխներից մեկը:
Դեռեւս 2022 թվականի հունվարին դատարանը վճռեց, որ NCA-ն կարող է առգրավել Ջավանշիր Ֆեյզիեւի լոնդոնաբնակ ընտանիքի 7 միլիոն դոլարի ակտիվները ՝ պատճառաբանելով, որ նրանց բանկային հաշիվներին փոխանցված գումարը անօրինական աղբյուրից է։
Հետաքննությունը սկսվել է դեռեւս 2017 թվականին, երբ լրագրողները բացահայտել էին փողերի լվացման մեծ սխեմա, որը նրանք անվանել էին «ադրբեջանական լվացքատուն»։
Այս սխեմայի շրջանակում ադրբեջանական վերնախավը երկրից դուրս է բերել մոտ 3 միլիարդ դոլարի կանխիկ գումար։ Ըստ էության, այդ գումարները գողացել են ադրբեջանական տնտեսությունից եւ ժողովրդից եւ օգտագործվել մի խումբ մարդկանց անձնական կարիքների համար, սակայն այդ գումարների մի մասը ծախսվել է եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վրա։
Ինչպես պարզվել է NCA -ի հետաքննության ժամանակ, այս էլիտայի ներկայացուցիչներից մեկը Ադրբեջանի խորհրդարանաի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիեւն է։
Լոնդոնում նրա ընտանիքի հաշվեհամարներին փոխանցված գումարն ուղարկվել է Բաքվի Baktelekom ընկերության բանկային հաշիվներից, որը նման է պետական Aztelecom ընկերությանը եւ ունի համահունչ անվանում, մինչդեռ այն աշխատակից չուներ եւ որեւէ նկատելի գործունեություն չէր ծավալում։
Ինչպես պարզել է դատարանը, այս հանցավոր սխեմայից ստացված զգալի միջոցների հետքերը ծածկելու համար դրանք փոխանցվել են Բալթյան երկրների բանկերում Գլազգոյում գրանցված ընկերությունների երկու հաշիվներին։ Եվ արդեն այնտեղից, ըստ NCA-ի, կանխիկ գումարի մի մասը փոխանցվել է Ջավանշիր Ֆեյզիեւի եւ Ջավադ Մարանդիի հետ կապված հաշիվներին։
Փողերի լվացման այս սխեմայում կենտրոնական դեր են խաղացել Avromed ընդհանուր անվանումով ընկերությունները, որոնցից մեկը դեռեւս 2005 թվականին,գրանցվել է Սեյշելյան կղզիներում, իսկ նրա գլխավոր շահառուն հենց Մարանդին էր։
Հրապարակման է պատրաստել news.am-ը: