Ուղիղ մեկ տարի առաջ ձերբակալվեց լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը
Ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 17-ին, Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ հրապարակեց այն մասին, թե ինչպես էին մասկի-շոուի ժանրի բոլոր կանոնների սրբորեն պահպանմամբ ձերբակալում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին:
Այդ օրը՝ ավելի ուշ, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
«Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
Արմեն Գրիգորյանին ձերբակալեցին անձը նվաստացնելու եղանակով, և սա այն դեպքում, երբ նրան օրեր առաջ հրավիրել էին իրավապահ մարմին, և ինքը պատշաճ կերպով ներկայացել էր:
Արմեն Գրիգորյանին տարան թևերը ոլորած, իր տված հարցազրույցից 1.5 տարի անց:
Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում, իր գործով հենց առաջին դատական նիստին: