Տարածաշրջանի ամենաանփառունակ վարձակալը
Միջազգային հարաբերություններում, ի թիվս բազմաթիվ գործոնների, կենսական նշանակություն ունեն երկրների միջև իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները, որոնց շնորհիվ նաև ապահովվում է տարածաշրջանային և համաշխարհային հավասարակշռությունը։
Հասկանալի է, որ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներում այդ առանցքային սկզբունքներն ավելի հաճախ խախտվում են, քան պահպանվում։ Բայց անկախ աշխարհաքաղաքական տուրբուլենտությունից՝ ցանկացած նորմալ պետություն առնվազն ձգտում է, որպեսզի այլ երկրների հետ հարաբերություններում իր հանդեպ պահպանվեն այդ ուղենշային սկզբունքները։ Միանգամայն այլ է Հայաստանի պարագան։
Նիկոլ Փաշինյանի հմուտ ղեկավարությամբ Հայաստանն արտաքին քաղաքական թեկուզ փոքր, բայց կարևոր խաղացողից վերածվել է աշխարհագրությամբ ավելի փոքր արտաքին քաղաքական խամաճիկի, որը գործնականում մասնակցություն չունենալով տարածաշրջանային հարցերում կայացվող որոշումներին՝ հանդես է գալիս որպես սոսկ այլոց կողմից կայացված որոշումների սպառող։
Ճակատագրի հեգնանքով դա անում է այն իշխանությունը, որն ամենաշատը ու ամենաբարձրն է բղավում ինքնիշխանության մասին՝ իրականում գրեթե ամբողջությամբ հրաժարվելով սուվերենության ամենակարևոր հատկանիշից՝ որոշումների կայացմանը թեկուզ համեստ մասնակցությունից։
Որպես պետություն՝ Հայաստանն այլևս աշխարհին, բարեկամներին ու թշնամիներին, հարևաններին ու տարածաշրջանում հետաքրքրություն ունեցողներին ոչինչ չունի տալու, բացի ֆիզիկական տարածքներից։ Դրանց պաշտպանության մասին ամենօրյա բարձրագոչ հայտարարությունները, սակայն, չարագուշակ են՝ հաշվի առնելով նույն ինքնիշխանության վերաբերյալ դեկլարացիաներն ու ինքնիշխանության փաստացի չգոյությունը։
Միայն ինչ-որ բան տվող կամ զիջող և փոխարենը ոչինչ չստացող կամ ստանալ չկարողացող պետությունը լայն իմաստով խախտում է տարածաշրջանային ուժային հարաբերակցությունը, որը, այլ գործոնների շարքում, իր մեջ կրում է նաև փոխադարձության սկզբունքը։ Տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունը, որի քանդման մասին այդքան ճարտարաբար սիրում է խոսել Նիկոլ Փաշինյանը, փլուզվել է նաև այն պատճառով, որ նախկինում առնվազն ռեգիոնալ անվտանգային համակարգում իր չափով որպես անվտանգության մատակարար համարվող Հայաստանը վերածվել է անվտանգության պարզ սպառողի, որին ոչ մեկը չի ցանկանում ապահովել անվտանգությամբ։ Նաև դա է պատճառը, որ տարածաշրջանում ու աշխարհում այս օրերին ընթացող անվտանգային նոր ճարտարապետության մեջ ոչ թե որպես դրա մասնակից, այլ որպես սպառող ներկայացող Հայաստանը հայտնվել է վիզը ծռած տնվորի կարգավիճակում, ով սպասում է նոր ճարտարապետությամբ իրեն հատկացվելիք խղճուկ մակերեսին։
Այս իրավիճակը հնարավոր է դարձել բոլորի հավաքական մեղավորության ու անպատասխանատվության պատճառով, որովհետև հասարակությունն իր հերթին, քաղաքական ուժերը կամ դրանց դերում հանդես եկողներն իրենց հերթին՝ առանձին-առանձին և միասնաբար, թույլ են տվել այնպիսի իշխանության առկայություն, որը հանուն կառավարական ամառանոցների ճարտարապետության սպառման՝ Հայաստանը դուրս է դրել անվտանգային և այլ՝ պետությանը պետություն դարձնող ճարտարապետության գործընթացներից։
Հարություն Ավետիսյան