Հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում. Փայլանը հիասթափված է Թուրքիայի ընտրությունների արդյունքներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դաշինք է կազմել ազգայնականների ու ծայրահեղականների հետ, կարողացավ հաղթել մայիսի 14-ի ընտրություններում և կունենա խորհրդարանական մեծամասնություն։ Սա նշանակում է, որ Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, իսկ ազգայնական Թուրքիան ավելի մեծ դժվարությամբ է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
«Պետք է ջանք չխնայել՝ համոզելու Թուրքիային խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- նշեց նա։
Փայլանի խոսքով՝ կարևոր է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգանա, քանի որ «միայն ժողովրդավար երկիրը կարող է լուծել իր խնդիրները հարևանների հետ»։
Պատգամավորն արձանագրում է, որ վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։
«Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են։ Մինչև 2015 թվականը մենք խոսում էինք մեր խնդիրների մասին, մինչդեռ դրանից հետո հայերն ավելի լուռ են։ Հույս ունեինք, որ ինչ-որ բան կփոխվի այս ընտրությունների արդյունքում, սակայն այդպես չեղավ։ Դժբախտաբար, հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում»,- արձանագրեց Փայլանը։
Թուրքիայում մայիսի 14-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ղեկավարած Ժողովրդական դաշինքը ստացել է 49,46 տոկոս ձայն, որը ենթադրում է, որ նրանք մեջլիսում կունենան 322 մանդատ։ Նրա հիմնական ընդդիմադիր Ազգային դաշինքը ստացել է 35,02 տոկոս ձայն և կունենա 213 պատգամավորական մանդատ։
Նախագահական ընտրությունների արդյունքով թեկնածուներից ոչ մեկ չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավել ձայն. Էրդողանը ստացել է 49,5 տոկոս, իսկ նրա հիմնական ընդդիմադիր, հանրապետական Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,8 տոկոս։ Սա ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհաղթի ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն։
Արաքս Կասյան