Բրյուսելի հանդիպման գլխավոր ամրագրումը․ Միշելը պաշտոնապես արձանագրեց՝ ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս

Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին Փաշինյան-Բլինքեն-Ալիև հանդիպումից հետո հերթական բարձրաստիճան հանդիպումը կայացավ նախօրեին ԵՄ կենտրոնակայանում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Շուրջ 4 ժամ տևած բանակցություններից հետո ԵԽ նախագահ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ, ամփոփելով բանակցությունների հիմնական արդյունքները և ազդարարելով, թե երբ ու որտեղ են կայանալու հերթական բանակցությունները։ Շառլ Միշելն ասաց․

  • «Սահմանային հարցերում մենք վերանայել ենք առաջընթացը և սահմանի սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Այս համատեքստում ղեկավարները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ։ Ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի՝ 86,600 քառակուսի կիլոմետր համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։
  • Կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում, այս թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումներն արդեն միմյանց մոտ են, մասնավորապես Նախիջևանի հետ և այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել համաձայնագիր երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների և համատեղ շինարարական աշխատանքների մասին՝ կոնկրետ գրաֆիկով։ Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքի համար։
  • Եղել է փոխըմբռնում՝ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։ Ես նաև ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել։ Մենք նաև քննարկել ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծման աշխատանքներն ակտիվացնելու կարևորությունը։
  • Շարունակել ենք քննարկումները Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի վերաբերյալ։ Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել դրական օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»։

Ըստ Միշելի, պայմանավորվել են Բրյուսելում հանդիպումներ անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Հաջորդ հանդիպումը նախանշվել է Բրյուսելում հուլիսին, ինչպես նաև հունիսի 1-ին նախագահ Էմանուել Մակրոնի և կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության երկրորդ գագաթնաժողովի հարթակում։ Չի բացառվում, որ հանդիպում տեղի ունենա նաև հոկտեմբերին Գրանադայում։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այս հանդիպման առանցքային կետն այն էր, որ հայտարարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների թվերով ֆիքսվեց այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում էին վերլուծաբանները, ենթադրություններ անում քաղաքական գործիչները։

Ըստ նրա՝ պատերազմից հետո դեռևս պարզ է եղել, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցից, բազմաթիվ հայտարարություններ արել տողատակերով, շատ է քննարկվել, թե դա ինչ է նշանակում, և իրականում ինչ դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները, և երբեք չեն հնչել ուղիղ պարզաբանումներ։

«Պրահայի հանդիպմանը կողմերը հիմք ընդունեցին Ալմա Աթայի հռչակագիրը, երկար ժամանակ քննարկվեց, թե Հայաստանն արդյոք ճանաչում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ ՌԴ ԱԳ նախարարը խոսել է այս թեմայից և արժանացել բազմաթիվ քննադատությունների։ Սակայն Պրահայում ընդունեցին այդ հռչակագիրը՝ որպես հիմք, և այդ օրակարգով ժամանեցին Սոչի, և այնտեղ, բնականաբար, չհաջողվեց այլ բան քննարկել։ Պարզ է նաև, թե ինչու էր արևմտյան հարթակը ձեռնտու Ալիևին։

Այս ընթացքում մինչև անգամ ողջ պատասխանատվությունը դրվեց Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանն է պատասխանատու ԼՂ-ի համար, այսինքն՝ ՀՀ-ն, ՀՀ իշխանություններն անելիք չունեն ԼՂ հարցում։ Շատ հայտարարություններ եղան, սակայն այս կողմերի հետ համաձայնեցված հայտարարությունը ցույց տվեց, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ սա հստակեցրեց պաշտոնապես ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Սրանով էր այս հանդիպումը կարևոր։ Ռուսաստանն առաջարկում էր ԼՂ հարցը թողնել ապագա սերունդներին, սակայն ընտրվեց Արևմուտքի առաջարկը, որը սա էր, և եթե դա ընդունելի է բոլորի համար, ապա ամենայն հավանականությամբ կստորագրվի, քանի որ Արևմուտքը մեծ ջանքեր է ներդնում, Փաշինյանն ու Ալիևը համաձայն են այս խաղին, Ռուսաստանն էլ չի մասնակցում այս գործընթացին։ Բայց կա նաև ԼՂ ժողովուրդը, որը սա չի ընդունում, և այսօր ԼՂ ժողովրդի կողքին ռուս խաղաղապահներն են կանգնած, որքան էլ ամեն ինչ այնտեղ գոհացուցիչ չէ, սակայն այնտեղ կողմ են եղել ռուսական առաջարկին։ Ասել, որ այս հանդիպումը տալիս է բոլոր հարցերի պատասխանները և կանխորոշում ապագան, սխալ կլինի, քանի որ աշխարհաքաղաքական գործընթացները բարդ ու անկանխատեսելի են»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ այս հանդիպմամբ որևէ նորություն չի արձանագրվել, բացի այն, որ կողմերը կարծես համաձայն են աշխատել Բրյուսելի հովանու ներքո, որը նախկինում մերժում էր հայկական կողմը և ակնկալում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցություն։ Սակայն, ըստ նրա, հանդիպումներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն միայն նախագահ Միշելի միջնորդությամբ հստակ օրակարգով։

«Եթե ռուսական կողմն անակնկալներ չմատուցի, և այս բանակցություններում խնդիրներ չառաջանան, ապա հնարավոր կլինի մի քանի ամսվա ընթացքում հասնել արդյունքի՝ ստորագրման տեսքով»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս