«Ուղղակի խայտառակություն է». ծնողներն ահազանգում են՝ «Վերջին դասի» համար դպրոցներում գումար են հավաքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի պլանում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը: 2022-2023 ուսումնական տարին կավարտվի 2023 թվականի մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Այսպիսով, ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ, և 34՝ 3-12-րդ դասարանների համար:
Նախարարությունն ամեն տարի հաղորդագրություն է տարածում՝ արգելելով պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք՝ ընդգծելով, որ դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող՝ ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից:
Սակայն, 168.am-ին հասած տեղեկություններով, մի շարք դպրոցներում իրականացվում է դրամահավաք:
Օրինակ, Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում 9-րդ դասարանի ամեն երեխայի ծնող արդեն վճարել է 30.000 դրամ:
«Ուղղակի խայտառակություն է: Դասարաններ կան, որ արդեն հավաքել ենք շուրջ մեկ միլիոն դրամ «Վերջին զանգի» կապակցությամբ, բայց դեռ սա էլ բավական չէ, որովհետև երեխաները պետք է 100 000 ՀՀ դրամով երգ ձայնագրեն, 100 000 ՀՀ դրամ պետք է դասղեկին տանք, 100 000 ՀՀ դրամ՝ տնօրենին, յուրաքանչյուր քննությունից առաջ պետք է հյուրասիրություն լինի: Գումար է հատկացվելու նաև նկարահանման, ձևավորման համար: Այսպես կոչված, հրաժեշտի երեկոն լինելու է Երևանի ռեստորաններից մեկում: Ծնողական ժողովի ժամանակ էլ տեղեկացրել են, որ գումարը բավարար չէ, պետք է ավելացնել»,- մեզ հետ զրույցում հայտնեցին ծնողները:
Նմանատիպ ահազանգ ստացանք նաև Բելինսկու անվան Երևանի թիվ 38 հիմնական դպրոցից: Այնտեղ էլ ամեն ծնող վճարել է մոտ 50.000 դրամ:
Կապ հաստատեցինք Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի հետ՝ փորձելով զրուցել տնօրենի հետ, սակայն գործավարը խնդրեց զանգահարել մի փոքր ավելի ուշ, քանի որ տնօրենի մոտ «մարդ կա»: Կապ հաստատեցինք մի փոքր ավելի ուշ, պարզվեց, որ տնօրենը դուրս է եկել, ավելի ճիշտ, բարձրացել է 9-րդ դասարանցիների մոտ:
Բելինսկու անվան Երևանի թիվ 38 հիմնական դպրոցում մեր զանգերին անգամ պատասխանող չգտնվեց:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նման ահազանգեր ստացել են թեժ գծով և շուտով ասուլիսում կխոսեն այդ մասին:
Երևանի քաղաքապետարանից էլ նշեցին, որ բողոքներ կամ ահազանգեր հանրակրթության վարչությունում չեն ստացվել:
Պատրաստ ենք զրուցել տնօրենների հետ և հրապարակել նաև նրանց տեսակետը, եթե, իհարկե, նրանք պարզաբանում տալու ժամանակ գտնեն: