Ի՞նչ էին տվել, որ հիմա էլ սպառնում են հետ վերցնել
Օդային սահմանը փակելով չբավարարվելով՝ Թուրքիայի իշխանությունները սպառնում են «Նեմեսիսի» արձանը չհանելու դեպքում, լրացուցիչ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ միջոցների մասին է խոսքը, առայժմ չեն բարձրաձայնում։ Բայց այնպես չէ, որ մինչև «Նեմեսիսի» արձանի բացումը Թուրքիան այնքան մեծ արտոնություններ էր տվել Հայաստանին, որ հիմա էլ սպառնում է հետ վերցնել։
Եղածը օդային սահմանի բացումն էր, նաև բեռնափոխադրումների համար, ինչը մեծ բան չէր ավելացրել հայ-թուրքական հարաբերություններին։
Տարիներ շարունակ այդ սահմանը փակ է եղել։ Մինչև արձանի տեղադրումը սահմանը բաց էր։ Եվ ի՞նչ է շահել դրանից Հայաստանի տնտեսությունը։
Այնպես, ինչպես օդային սահմանի, նաև բեռնափոխադրումների համար փակ լինելու պարագայում, հայկական արտադրության ապրանքների արտահանումները Թուրքիա, կարելի է ասել, զրոյականին մոտ են։
Ճիշտ է, անցած տարվա կեսերին, ոսկու հումքի մատակարարումների հաշվին, Հայաստանից արտահանման ցուցանիշները մի պահ թռան, բայց դա էլ կարճ տևեց։ Ոսկու արտահանումն էլ կանգնեց։
Թեև դա էլ Հայաստանի տնտեսության շահերից չէր բխում։ Գոնե արտահանվեր պատրաստի արտադրանք, դեռ կարելի էր հասկանալ։ Բայց արտահանվում էր բացառապես ոսկու հումք։
Չնայած այնպես չէր, որ հայկական ոսկին այլ շուկաներում մատակարարման կամ իրացման հետ կապված խնդիրներ ուներ, որ ստիպված էին արտահանել Թուրքիա։
Անցած տարվա վերջից ոսկու արտահանումը ևս կանգնեց։
Ոչ միայն ոսկու, այլև ընդհանրապես արտահանման առումով ոչ մի տեղաշարժ չկա նաև այս տարվա սկզբին։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, երբ դեռ չէր փակվել օդային սահմանը, թուրքական իշխանություններն էլ Հայաստանի իշխանությունների հետ գտնվում էին նույն «խաղաղության» օրակարգի մեջ և քայլեր էին անում հարաբերություններն ընդլայնելու, նաև ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ, արտահանումը Հայաստանից Թուրքիա կազմել է հազիվ 2,2 մլն դոլար։
Երեք ամսում ընդամենն այսքան հայկական ապրանք է մատակարարվել Հայաստանից թուրքական շուկա։ Հունվարին արտահանվել է՝ 45 հազարի, փետրվարին՝1,3 միլիոնի, և մարտին՝ 833 հազար դոլարի ապրանք։
Հայաստանի իշխանությունների հռչակած և համառորեն առաջ մղվող խաղաղության օրակարգն ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման անսահման ձգտումը, նույնիսկ ազգային արժեքները մոռացության մատնելու հաշվին, ահա այսպես է անդրադարձել Հայաստանից Թուրքիա արտահանումների վրա։ Մինչդեռ՝ իշխանությունները մեծ հույսեր են կապում նրա հետ, որ Թուրքիան բացելով սահմանը՝ զարկ կտա Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Ինչո՞ւ պիտի Թուրքիան շահագրգռված լինի Հայաստանի տնտեսության զարգացմամբ։ Այս հարցը Հայաստանի իշխանությունները երբևէ տվե՞լ են իրենց։ Թե՞ կարծում են՝ Թուրքիայի իշխանությունները քնում-զարթնում են, Հայաստանի տնտեսության զարգացումների համար նոր հնարավորությունների ստեղծման մասին են մտածում։
Թուրքիայի ինչի՞ն է պետք, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա։ Հատկապես, երբ առանց դրա, այսօր էլ թուրքական ապրանքների պակաս Հայաստանում չկան։ Կարևորը Թուրքիայի համար դա է և ոչ թե այն, որ հայկական ապրանքները մտնեն թուրքական շուկա ու նպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Իշխանությունների նախաձեռնած խաղաղության օրակարգի պայմաններում, ի տարբերություն հայկականի, թուրքական ապրանքները Հայաստանում ավելի են ընդլայնել ու ամրապնդել իրենց դիրքերը։
Նախկինում էլ, թուրքական ապրանքների ներմուծումը լուրջ ծավալների էր հասնում, այս տարի բոլոր ռեկորդները գերազանցվել են։ Տարեսկզբի երեք ամիսներին, ցամաքային փակ սահմանի պայմաններում, այդ երկրից Հայաստան է ներմուծվել 72 մլն դոլարի ապրանք՝ 75 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։
Նախորդ տարվա համեմատ 31 մլն դոլարով ավելի շատ թուրքական ապրանքներ են մտել մեր շուկա։
Հունվարին ներմուծվել է՝ 18,9 միլիոնի, փետրվարին՝ 21,2 միլիոնի, և մարտին՝ 32 մլն դոլարի ապրանք։
Ինչպես տեսնում ենք, ամսեամիս Թուրքիայից ներմուծումներն ավելացել են։ Արդեն մարտին դրանք հասել են ռեկորդային մեծ ծավալների։
Այսուհետ ևս հավանաբար կշարունակեն ավելանալ, հատկապես որ, դրանց համար հայկական կողմից խոչընդոտներ չկան։ Ըստ ամենայնի, չեն լինի նաև այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները կրկին փակել են օդային սահմանը և սպառնալիքներ են հնչեցնում Հայաստանի նկատմամբ։ Ոչ վաղ անցյալում տեսանք, թե իշխանություններն ինչքանով են պատրաստ կամ ի վիճակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել թուրքական ապրանքների ներմուծումների նկատմամբ։ Կիրառումից ընդամենը մեկ տարի հետո շտապեցին հանել էմբարգոն ու կրկին Հայաստանի շուկան լայնորեն բացեցին թուրքական ապրանքների համար։
Այնինչ՝ Հայաստանից արտահանումները չնչին են. այնպես, ինչպես մինչև իշխանությունների սկսած սիրախաղը։
Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի ջանասիրությամբ էին օգնություն ուղարկում Թուրքիա՝ երկրաշարժից հետո։ 30 տարի փակված ցամաքային սահմանն ընդամենը մի քանի ժամով, այն էլ՝ օգնության տեղափոխման համար, բացվելն էին փառաբանում՝ կարծելով, թե դրանից հետո Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կփոխվի։
Կարճ ժամանակ հետո ստացան առաջին ապտակը՝ ընդամենը մեկ տարի առաջ բացված օդային սահմանը փակելու տեսքով։ Բայց Թուրքիայի իշխանությունները նույնիսկ դրանով չեն բավարարվում, պահանջում են ապամոնտաժել «Նեմեսիսի» արձանը, սպառնում այլ միջոցներ ձեռնարկել, իսկ Հայաստանի իշխանություններն արդարացում են փնտրում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ «սխալ որոշում է կայացվել, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։ Պարզ չէ՞, որ դրանից հետո թուրքերն ավելի մեծ եռանդով պիտի պահանջեն ուղղել «սխալը»։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ