Սոցհարցումների համաձայն՝ Էրդողանի պարտությունը չի բացառվում․ ի՞նչ է սպասվում կիրակի օրը Թուրքիայում

Առաջիկա կիրակի օրը խոստանում է թեժ լինել տարածաշրջանի համար։ Մայիսի 14-ին Բրյուսելում սպասվում են ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև բանակցություններ, ինչպես նաև նախագահական ընտրություններ Թուրքիայում։

Ինչպես հայտնի է, Թուրքիայում սպասվող ընտրություններում հիմնական մրցակիցներ են գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր մի շարք կուսակցությունների կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուն։

Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների համակրանքն ընդդիմադիր թեկնածուի հանդեպ աճել է, ընդդիմության թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը, թեև տևական ժամանակ սոցիոլոգիական հարցումները գրեթե հավասար արդյունքներ էին կանխատեսում Էրդողանի ու նրա գլխավոր մրցակից Քըլըչդարօղլուի համար։

Հինգշաբթի օրը «Կոնդա» սոցհարցման կազմակերպությունը ցույց է տվել, որ Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ զիջում է իր հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին ավելի քան հինգ տոկոսով:

Կարդացեք նաև

Հարցումը ցույց է տվել, որ Էրդողանին աջակցում է ընտրողների 43,7 տոկոսը, իսկ Քըլըչդարօղլուին՝ 49,3 տոկոսը, ինչը նրան թույլ չի տալիս առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ մեծամասնություն ստանալ, և ենթադրում է, որ ընտրությունները մայիսի 28-ին տեղի կունենան երկրորդ փուլով։

Վերջերս անցկացված ուսումնասիրություններն ամրապնդեցին այն տպավորությունը, որ Էրդողանը քվեարկության ժամանակ կանգնած է իր երկու տասնամյակ կառավարման ամենամեծ մարտահրավերի առջև։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝Էրդողանի խնդիրը բարդացել է գնաճի, ճգնաժամի պատճառով, որը առաջացել է լիրայի անկման և ավելացողգնաճի հետևանքով, ինչպես նաև փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որի հետևանքով զոհվել է ավելի քան 50,000 մարդ Թուրքիայում, իսկ միլիոնավոր մարդիկ մնացել են անօթևան:

Կոնդա կենտրոնը, ներկայացնելով անցկացված հարցման արդյունքները,նշել է, որ իրենց ընտրողների մեծամասնությունը հակված է երկրորդ փուլում քվեարկելու գլխավոր ընդդիմադիր, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուի օգտին:

Metropoll-ի հարցումը ևս ցույց է տվել, որ քվեներն անցնում են երկրորդ փուլ, որտեղ Քըլըչդարօղլուն հավաքել է 49,1 տոկոս, իսկ Էրդողանը՝ 46,9 տոկոս: Երկրորդ փուլի արդյունքում Քըլըչդարօղլուն հաղթել է 51,3 տոկոսով: Սակայն Ստամբուլում գործող Ռազմավարական խորհրդատվական ծառայությունների կառավարիչ տնօրեն Հաքան Աքբասն ասել է, որ Էրդողանը կարծես հասնելու է իր նպատակին՝ Քըլըչդարօղլուի հետ երկրորդ փուլում:

«Հաշվի առնելով երկրաշարժերը և տնտեսական ճգնաժամը, սա նրա համար նույնիսկ հաջողություն կլինի: Այժմ առավել կարևորը խորհրդարանական արդյունքներն են»,- ասել է նա:

Կոնդայի հարցումը ցույց է տվել, որ Էրդողանի իշխող դաշինքին աջակցում է խորհրդարանական քվեարկության արդյունքներով 44,0 տոկոսը՝ առաջ անցնելով հիմնական ընդդիմադիր դաշինքից՝ 39,9 տոկոս։ Ակնկալվում է, որ քրդամետ HDP կուսակցությունը, որն աջակցում է Քըլըչդարօղլուին, կխաղա առանցքային դերակատարություն։

Ի դեպ, հայաստանյան որոշ արևմտամետ շրջանակներում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել իրեն արևմտամետ, ժողովրդավարական և մասշտաբային տնտեսական բարեփոխումներ իրականացնող այլընտրանք ներկայացնող Քըլըչդարօղլուն՝ հատկապես մայիսի 7-ին «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերնագրով Twitter-ում հրապարակած տեսանյութից հետո։

Տեսանյութում նա ներկայացնում էր, որ իր ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։

Սակայն ծրագրի՝ Քըլըչդարօղլուի պրոյեկտի համաձայն՝ ճանապարհը չի անցնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» և շրջանցելու է Ադրբեջանը, ինչն Ադրբեջանում մեծ հիստերիա բարձրացրեց։

Մասնավորապես ադրբեջանական «Musavat» թերթի հոդվածագիր Այգյուն Մուրաթհանլըն «Քըլըչդարօղլուն ինչո՞ւ չի սիրում Ադրբեջանը» հրապարակման մեջ քննադատել էր թուրք ընդդիմադիր կուսակցապետին` նշելով, որ 75 տարվա կյանք ունեցող Մետաքսի ճանապարհի անվան տակ նա ի ցույց է դրել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ:

«Ադրբեջան չկա, Բաքու չկա: Թուրանի ճանապարհը, որտեղ Ադրբեջան չկա, դավաճանություն է թուրքական աշխարհի հանդեպ»,- ընդգծել է Մուրաթհանլըն:

Սակայն ընդհանուր առմամբ թե Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները, թե թուրքագետները պնդում են, որ Հայաստանի հանդեպ իրենց վերաբերմունքով Էրդողանն ու Քըլըչդարօղլուն չեն տարբերվում։ Վերջինս բազմաթիվ հակահայկական ելույթներով է հանդես եկել և, ինչպես Էրդողանը, իր նախընտրական ծրագրում չունի որևէ անդրադարձ Հայաստանին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին առանց նախապայմանների։ Այնուամենայնիվ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունները և հատկապես Էրդողանի անհավանական պարտությունը կարող է բեկումնային լինել նաև հարավկովկասյան զարգացումների տեսանկյունից՝ նոր հնարավորություններ ստեղծելով նաև Հայաստանի Հանրապետության համար։ Սակայն այդ հնարավորություններից օգտվելու համար հարկավոր է ստեղծարար ու պրոակտիվ դիվանագիտություն, որը վերջին տարիներին ՀՀ-ում «մեռած» է։

Տեսանյութեր

Լրահոս