Բաժիններ՝

«Այդքան հեշտ չենք հանձնվելու». «Գոյ»-ը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալու՝ Կառավարության ընդունած որոշմանը դեմ է

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն:

Վերակազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

«Անսպասելի էր: Այլ բան ասացին, այլ բան եղավ: Ապրիլի 11-ին մեր թատրոնի մի քանի ներկայացուցիչներ հանդիպել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Այդ ժամանակ հայտնել էինք մեր մտահոգությունն ու դիրքորոշումը: Երկրորդ հանդիպում չեղավ, քանի որ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ խորհրդական Վարդան Արզումանյանն ասել էր, որ կարիք չկա, ամեն ինչ նորմալ է: Միանշանակ, մենք քայլեր ձեռնարկելու ենք, այդքան հեշտ չենք հանձնվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի բեմադրիչ Սարգիս Արզումանյանը:

Ապրիլի 17-ին զրուցել էինք նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, նա փոխանցել էր. «Հանդիպել ենք, քննարկել, բաց խոսակցություն ենք ունեցել: Իրենք ներկայացրել են այն մտահոգությունները, որ ունեն, ես էլ առաջարկել եմ այդ մտահոգությունների չեզոքացման ճանապարհ և կարծում եմ՝ այն մտահոգությունները, որ հանդիպմանը ներկա աշխատակիցները ներկայացրեցին, ամբողջությամբ կարգավորվելու են, և այդ մասին իրենց էլ եմ ասել: Իրենք խնդիր են դնում, որպեսզի «Գոյ« թատրոնի անունը՝ որպես առանձին թատերական միավոր, պահպանվի, և դա նախագծով արդեն իսկ այդպես է: Իրենք ունեին որոշակի հարցադրումներ՝ կապված ստեղծագործական գործունեության առանձին ֆինանսավորման, իրենց դիմագիծը պահպանելու հետ, և իրենց ամբողջությամբ ներկայացվել է, որ կան դրա լուծման հնարավորությունները՝ նախաձեռնած գործընթացի շրջանակներում, և մենք առաջարկել ենք, որ նայեն նախագիծը, որովհետև, մեր տպավորությամբ, կարծես թե նախագիծը չէին կարդացել: Ապա նախագծի շուրջ միասին քննարկում կունենանք, թե ո՞ր դրույթներն են, որ կուզեն հավելյալ լրամշակել, որպեսզի իրենց ունեցած բոլոր մտավախությունները կարգավորվեն: Իրենց առաջարկը եղել է, որ որոշ ժամանակ տանք, և իրենք ցույց տան, որ թատրոնը բոլորովին այլ որակով հիմա գործում է: Այդ ժամանակը մի քանի տարի գնում է, և այս խնդիրները նոր չեն: Ես ուրախ եմ, որ հիմա թատրոնում կան որակական փոփոխություններ: Պատրաստակամություն ենք հայտնել, որ բոլոր նոր ծրագրերը, որ իրենք ունեն, արդեն որակական փոփոխություններից հետո կարող են իրականացնել նաև նոր ձևաչափով»:

Կարդացեք նաև

Ընդգծենք, որ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված է միջոցառումների իրականացում, որոնք պետք է նպաստեն նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, խթանեն ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու անհրաժեշտությունը բխում է վերոնշյալ նպատակներից և միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն: Ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն):

Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից, տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այս ամենին զուգահեռ, կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ»,- նշված է հիմնավորման մեջ:

Ընդ որում, ըստ հիմնավորման՝ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբերական բնույթ: Առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութատեխնիկական հնարավորություններից:

Տեսանյութեր

Լրահոս