«Այդ մարդկանցից յուրաքանչյուրը կարկառուն նիկոլական է եղել. թող ոչ ոք սուրբ չձևանա». Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը զղջում է, որ 2018թ. լինելով ԲՀԿ անդամ, դուրս է եկել փողոց և մասնակցել «թավշյա հեղափոխությանը»:

«Ես բազմիցս նշել եմ, որ 2018թ. ամենաշատը 5 օր եղել եմ հրապարակում, սակայն չեմ մասնակցել որևէ գործողության, որևէ ակցիայի, չեմ վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ» կամ «Քայլ արա՝ մերժիր Սերժին», փողոց չեմ փակել: Հիմա թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանության աջակիցներից մեկ-երկու նկար են սոցցանցերում տարածում ու ասում, որ ես ևս մեղավոր եմ Փաշինյանին իշխանության բերելու համար, մասնակցել եմ այդ «հեղափոխությանը»: Հրապարակում այդ ժամանակ եղել են բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա ինձ քննադատում են: Ես կյանքում Նիկոլ Փաշինյանին չեմ ընտրել և հրապարակային ասում եմ, որ եթե ինչ-որ տեսանյութ կլինի, որ ցույց կտան ու կասեն՝ դու գոռացել ես, վանկարկել «Նիկոլ վարչապետ», կամ «Քայլ արա՝ մերժիր Սերժին», կամ փողոց եմ փակել, ես հրապարակային խոստանում եմ, որ հաջորդ վայրկյանից դուրս կգամ քաղաքականությունից»: Բոլոր այն անիմաստ մարդիկ, ովքեր փորձում են ցեխ շպրտել իմ վրա, թե ես եռանդուն մասնակցություն եմ ունեցել «հեղափոխությանը», ստում են: Այդ 3-4 օրը հրապարակում լինելու վերաբերյալ էլ հրապարակային ասում եմ, որ սխալ եմ արել և զղջում եմ այդ սխալի համար, սակայն 2018թ. հունիս ամսից մինչ օրս պայքարել եմ դավաճանի դեմ»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Աշոտ Անդրեասյանը նշեց, որ որոշել է միանալ ՀՀԿ-ին, որովհետև կարծում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ է երկիրն ամենաանվտանգը եղել. «ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ինձ համար ամենապետականամետ ղեկավարն է, և ես հայրենիքի փրկությունը տեսնում եմ միայն ՀՀԿ-ի հետ: Շատ խորհրդանշական է ինձ համար, որ թեկուզ այդ 3-4 օրը եղել եմ հրապարակում և ակամայից ՀՀԿ-ին եմ դեմ եղել, հենց ՀՀԿ-ի հետ, իմ սխալները հասկանալով՝ փրկեմ իմ երկիրը»:

Անդրադառնալով վերջին օրերին Երրորդ նախագահին ուղղված մեղադրանքներին, թե իբր նա է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, Անդրեասյանը հետևյալն ասաց. «Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է, որ Կարեն Կարապետյանի հետ համաձայնեցրել էր, որ 1-1.5 տարի երկարացվի իր պաշտոնավարումը, հետո իշխանությունը փոխանցվի Կարեն Կարապետյանին: Այսինքն՝ մինչև 2019թ. վերջ-2020թ. սկիզբ Սերժ Սարգսյանը պաշտոնավարի՝ արցախյան հակամարտությունը կարգավորելու համար: Սերժ Սարգսյանն ու իմ ավագ կուսակցական ընկերները բազմիցս դա նշել են: Եթե Կարեն Կարապետյանը դեմ էր այդ ամենին, նա չէր համաձայնի դրա հետ: Եթե 2018թ. բոլորը քայլ էին անում և մերժում էին Սերժին, և Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցեց Կարեն Կարապետյանին, վերջինս, բնական է, չէ՞, որ ասել է՝ պատրաստ է պահել իշխանությունը: Այսինքն՝ այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է ասում, որ եթե Կարեն Կարապետյանը չպնդեր, որ կպահի իշխանությունը, Սերժ Սարգսյանը նրան կփոխանցեր իշխանությունը:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանին իշխանությունն անցել է ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ՝ Կարեն Կարապետյանից: Այդ 3-4 օրը, որ հրապարակում եմ եղել, ես հիշում եմ, որ մարդիկ Կարեն Կարապետյանին էին մերժում, ոչ թե՝ Սերժ Սարգսյանին, որովհետև Նիկոլը հրապարակում հայտարարում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, և դա ասում էր՝ Կարեն Կարապետյանի համար, ոչ թե՝ Սերժ Սարգսյանի: Էն մարդիկ, ովքեր ասում են, որ Կարեն Կարապետյանն այցելել է Փաշինյանին, երբ նա փակի տակ էր, դա Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված էր, բայց եթե այդպես է, ամեն ինչ պետք է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցվեր, էլ ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանին մերժում: Եթե պետք է Կարեն Կարապետյանը ամեն ինչ համաձայնեցներ Սերժ Սարգսյանի հետ, ինչո՞ւ էր իշխանությունը վերցնում: Այս ամենը անարդար է»:

Նա նկատեց՝ Սերժ Սարգսյանին մեղադրողները հակասում են իրենք իրենց. «Մեկ ասում են՝ Սերժ Սարգսյանը ցանկանում էր իշխանությունը պահել, դրա համար այս ամենը եղավ, իրեն մերժեցին, նույն մարդիկ նաև ասում են, որ Սերժ Սարգսյանն է իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին: Եվ դրանք այն մարդիկ են, ովքեր հրապարակներում մերժել են Սերժ Սարգսյանին: Նրանք իրենց արդարացնելու համար փորձում են ամեն ինչ գցել Հանրապետականի վրա: Այդ մարդկանցից յուրաքանչյուրը կարկառուն նիկոլական է եղել՝ հրապարակում կանգնած, թող ոչ ոք սուրբ չձևանա: Երբ ասում են՝ Հանրապետականն է Նիկոլին բերել, այսինքն՝ ի՞նչ, Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը Նիկոլին բերել էին, որ իրենց տների դիմաց դագաղներ դնեի՞ն, որ իրենց կանանց ու երեխաներին ռեպրեսիաների ենթարկեի՞ն, որ ԱԺ-ն շրջափակեին ու գարեջրի շշերով հարվածեին Աշոտյանի պատուհանի՞ն, ո՞նց կարող է մարդ այդքան հիմար ձևով մեկնաբանել իրադարձությունների զարգացումները»:

Աշոտ Անդրեասյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը չունի ճանապարհային քարտեզ. «Փաշինյանն ամեն վայրկյան փորձում է խաբել, շրջանցել բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք իր առջև դրված են, որպեսզի ժամանակ ձգի, որ 10 օր ավել մնա իշխանության: Այդ ամեն ավել օրն իշխանության մնալու արդյունքում մենք հող ենք կորցնում և մարդկային կյանքեր են կորցնում, և վերջում գալու է մեր պետականության կորստի հարցը: Իսկ վերջը հեռու չէ, վերջը եկել է արդեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս