Հայաստանի և Արցախի խաղաղության և ապահովության համար Մայր Աթոռում Խաղաղության աղոթք է կատարվել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում մայիսի 9-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Խաղաղության աղոթք Հայաստանի և Արցախի խաղաղության և ապահովության համար:
Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթք վերառաքեցին առ Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի աշխարհները, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց բանակի զինվորականներին։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց ներկա ժողովրդին․
«Սիրելի ժողովուրդ Հայոց,
Հայրական սիրով բերում ենք ձեզ Մեր օրհնությունը և բարեմաղթանքները մայիսի 9-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման նվիրական օրվա առիթով:
Այս տոները մեզ համար դարձել են խորհրդանիշը բռնության ու չարի դեմ պայքարի, հայրենի հողի վրա անկախ կյանք կերտելու մաքառումի և ազատատենչ ոգու հաղթության: Քրիստոնյա մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ ենթարկվել է արհավիրքների ու նեղությունների, սակայն իր լուսավոր հավատքով ու գալիքի տեսիլքով վեր է հառնել փորձություններից և առ Աստված ապավինությամբ վերահաստատել իր վճռականությունը արժանապատիվ գոյության և հարատևության։
Ծանր և դժվարին օրեր ենք ապրում այսօր: Ամենօրյա բռնաճնշումների և նվաստացումների է ենթարկվում շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովուրդը: Նվազ չեն նաև Հայաստանի առջև հառնած սպառնալիքները, տակավին անհանգիստ են սահմանները, լեցուն՝թշնամու սադրանքներով ու հարձակումների վտանգներով: Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մտահոգություններով ու տագնապներով են համակել հոգիները մեր ժողովրդի զավակների՝ ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում:
Այս ցավալի իրավիճակում անգամ, երբ կորցրել ենք Շուշին և Արցախ աշխարհի զգալի հատվածը, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, բազում գերեվարվածներ ու անհայտ կորածներ, մենք նշում ենք այս օրը՝ համոզումով, որ ամուր և անսասան է մեր ժողովրդի ոգին,անկոտրում՝ ապրելու և արարելու կամքը, և հաստատուն՝ հայրենիքի հանդեպ նվիրումը։
Սիրելիներ, մայիսի 9-ը ոչ միայն արժևորումն է անցյալի հաղթությանց, այլև ամրագրումը հանձնառու պատասխանատվության՝ հավատքով և միասնականությամբ կերտելու մեր գալիք հաղթանակները։ «Եւ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»,- հաստատում է առաքյալը։
Մենք հավատում ենք մեր ժողովրդի աստվածատուր ուժին՝ պարտությունը վերածելու հաղթանակի, մահը՝ կյանքի, ցավը՝ ուրախության: Հավատում ենք նաև, որ կարող պիտի լինենք մերժել մեզանից վախն ու թերահավատությունը, անտարբերությունն ու հարմարվողականությունը՝ վստահությամբ, որ համազգային ու հայրենական կյանքում պիտի գերակայեն ու հաղթանակեն աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու արժանապատվությունը:
Արդ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրենք ու գործենք այս գիտակցությամբ և մայիսի 9-ը դիտարկենք ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի, արցախյան հերոսամարտի պատմական իրադարձությունների, Շուշիի ազատագրման նշանակալի թվական, այլ որպես առաքելություն, որպես ջանք և կամք՝ ուղղված նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտմանը: Ծառացած մարտահրավերներին հանդիման՝ մեր պարտքն է լինել միասնական և բոլոր հնարավոր միջոցներով ջանքեր գործադրել հանուն մեր պետականության զորացման, Արցախի ինքնիշխանության ու շահերի պաշտպանության։ Հավատքով զորացյալ մնանք, չվհատվենք և չընկրկենք նեղությունների ու դժվարությունների առջև, արթուն պահենք քաջարի նույն ոգին, որ դրսևորվել է մեր ժողովրդի հերոս զավակների կողմից Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման օրերին։
Աղոթենք միասնաբար առ Երկնավոր մեր Տերը և հայցենք, որ օրհնի և Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, զորացնի մեզանում հույսն ու լավատեսության ոգին՝ ի սեր հայրենյաց և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. Ամեն»։