Սեր
(Երրորդ քարոզ)
Սկիզբը՝ այստեղ.
«Սերը…․ չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում…․ բարկությամբ չի գրգռվում» (Ա Կորնթ. 13.4-5)։
«Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան…․ և եթե յոթն անգամ մեղանչի քո դեմ…․ և զղջա…․ ների՛ր նրան» (հմմտ. Ղուկ․ 17․4-5)։
Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակի 13-րդ գլխում կատարելապես վերլուծված սիրո ստորոգելիները մեր ընկերական փոխհարաբերությունների տիրույթ տեղափոխելով՝ ականատես ենք լինում այդ փոխհարաբերությունների մեկ ուրիշ դարձերեսին:
Համաձայն մեր սովորության՝ հայացք գցենք Քրիստոսի կյանքին, առակներին և քարոզությանը: Նախ և առաջ բացատրենք այն խոսքերը, որոնք մեջբերեցինք Սուրբ Ավետարանից:
Հիսուս Իր աշակերտներին ասում և հիմնավորում է, որ անհնար է՝ ընկերական փոխհարաբերությունների մեջ գայթակղություններ, ասել է թե՝ իրար հանդեպ դրսևորվող թերություններ չլինեն:
Մտքի, բարոյական նկարագրի, տարիքի, դասակարգի, պաշտոնի ու շատ այլ տարբերությունները, որոնք բնական և տնտեսական հեղաշրջումների հետևանքով ինքնաբերաբար առաջացել են մարդկային հասարակության մեջ, հաճախ բախումների են հանգեցնում նույնիսկ իրար հետ ապրող ամենասիրելի անձանց:
Գուցե թե դա անասնական բնազդն է, որը զորավորի, առողջի, գեղեցիկի ու խելացիի հաղթության և տկարի, հիվանդի, տգեղի ու տգետի վերացման նախընթացն է, որն այժմյան գիտական բացատրությամբ կոչվում է «ընտրականություն» կամ «բարեշրջություն» (էվոլյուցիա):
Քրիստոնեության վսեմությունը, սակայն, այն է, որ նա ոչ միայն չի արհամարհում ու չի վերացնում տկարին և հիվանդին, տգեղին ու տգետին, այլև նրանց բարեշրջում է ներքնապես. տկարին զորացնում է, հիվանդին՝ առողջացնում, տգեղին գեղեցկացնում է, իսկ տգետին իմաստուն է դարձնում:
Չէ որ Քրիստոս չեկավ զորավորների համար, այլ տկարների, ընկածների կամ, ավելի շուտ, ավետարանական բառով ասած՝ «փոքրիկների» համար, բառի ամենաընդարձակ նշանակությամբ… ճիշտ այնպես, ինչպես որ բժիշկն առողջի մոտ չի գնում, այլ՝ հիվանդի: Քրիստո՛ս է, որ իրականություն է դարձնում այդ հրաշալի բարեշրջությունը:
Լսեցի՞ք, որ Քրիստոս, գայթակղության վերացումն անկարելի համարելով հանդերձ, «վա՜յ» է տալիս նրան, ում ձեռքով և միջոցով այդպիսի գայթակղություն է տեղի ունենում՝ գայթակղություն ուղղված «փոքրիկների» դեմ:
Ովքե՞ր են այդ «փոքրիկիները». Քրիստոսի, Ավետարանի, Աստծու փոքրիկներն են նրանք, ովքեր պահապան հրեշտակներ ունեն երկնքում, և նրանց մի մազից սկսած մինչև մի կաթիլ արյունը կարող է Աբելի արյան նման բողոքել Աստծու ատյանի առջև ու հանցավորներին Կայենի պատժին արժանացնել:
«Այդպիսիների համար,- ավելացնում է մեր Տերը,- ավելի լավ կլիներ, եթե նրանց պարանոցներից երկնաքար վեմ կախվեր ու նրանք ծովը նետվեին ու խեղդվեին» (հմմտ. Ղուկ. 17.2):
Ինչպես հին ժամանակներում, ներկայումս նույնպես հանցավորներին տրվող ամենածանր պատիժը մահապատիժն է. դրանով մարդկության օրենքները հավաստիացնում են, որ այդ քրեական հանցագործի գոյությունը ոչ միայն օգտակար չի կարող լինել, այլև վնասակար է աշխարհի համար, ուստի և մեջտեղից վերացնում են այդ «չարիքը»:
Նույն տրամաբանությամբ նաև Քրիստոս, աշխարհի մասին հոգալով, ընկածների ու փոքրիկների միջից բացառում է վերոնշյալ եղանակով մեղանչածին՝ կամենալով, որ նա վերանա աշխարհի երեսից, և երկրորդ՝ մեր ընկերոջը գայթակղեցնելը մեծագույն հանցանք է համարում մեզ համար: Ո՞րն է, ուրեմն, այդ հանցանքի մեծությունը:
Քրիստոս Ի՛նքն է դա ցույց տալիս. «Զգո՛ւյշ եղիր,- ասում է,- եթե եղբայրդ մեղանչի, հանդիմանի՛ր, սաստի՛ր նրան, և եթե զղջա ու քավի իր հանցանքը, ների՛ր նրան: Եթե նույնիսկ յոթ անգամ (ըստ եբրայական ընկալման, իսկ մեր ընկալմամբ՝ հազար անգամ) մեղանչի, բայց անկեղծորեն զղջա ու քավի իր հանցանքը, դու պիտի ներես նրան». ահա՛ Քրիստոսի խոսքերը:
Մենք շատ պարզորեն կարող ենք եզրակացնել, որ այս մեծ հանցանքը, որը գործելու վտանգը սպառնում է մեզ և որն Ավետարանում «գայթակղություն» անվամբ է կոչվում, վերաբերում է մեր ընկերոջ տկարությունների հանդեպ մեր աններողամիտ վարմունքին… տկարություններ, որոնք որքան էլ ծանր և պարբերաբար կրկնված լինեն, միևնույն է, համաձայն Քրիստոսի խոսքի, ավելի ծանր չեն, քան մեր աններողամտությունը:
Ո՞ր կրքերն են դրանք, որ մեզ մղում են այդ մեծագույն քրեական հանցանքը գործելու. այս հարցումի պատասխանը մեր սույն խոսքի թեման իսկ է: Մենք ամենքս նախ և առաջ հավակնություն ունենք ինքներս մեզ ամենասուրբը, ամենաարդարը, ամենախելացին ցույց տալու. սա մեր «ես»-ի առաջին բնազդն է, ինքներս մեզ արդարացնելու ճիգը:
Մենք շատ հաճախ նույնիսկ ինքներս մեզ ենք խաբում մեր ներքին խորհրդածություններում՝ փաստեր հորինելով ինքնաարդարացման համար: Փարիսեցու և մաքսավորի առակը հաճախ կրկնվում է մեր ներսում, և մենք քանի՜-քանի՜ անգամ ենք տաճարում կանգնած փարիսեցու նման մեր խղճի առջև խորհրդածում․ «Աստվա՛ծ իմ, գոհանում եմ Քեզանից, որ ուրիշ մարդկանց նման չեմ. ո՛չ հափշտակող եմ, ո՛չ անիրավ, ո՛չ անբարոյական ու ո՛չ էլ նման եմ կողքիս կանգնած մեղավոր մաքսավորին»:
Իսկ եթե այդժամ մեր խիղճն էլ խայթոցներ է արձակում, մենք հազար տեսակի իմաստակ փաստերով վահաններ ենք պատրաստում այդ խայթոցների նետերին դիմագրավելու համար: Այդ վահանները, սակայն, միշտ չէ, որ կարողանում են դիմագրավել, և խայթոցն իր արդարադատ դերն ունենում է:
«Ժխտական» փաստարկումներից զատ, փարիսեցու նման ունենք նաև «դրական» փաստարկումներ. «Շաբաթը երկու անգամ պահք եմ պահում, իմ եկամուտի տասանորդը ղևտացիներին եմ տալիս». մի՞թե կարելի է սրանից ավելի աստվածապաշտ մարդ լինել…
Դժբախտաբար, այդ հավակնությունը կամ Պողոս առաքյալի խոսքով՝ «ամբարտավանությունը», իր այս կամ այն տեսակով մեր մեջ նույնպես հազվադեպ չի պատահում:
Առանց գիտենալու հավակնում ենք ամեն բան հասկանալ, հավակնում ենք եկեղեցին և ժողովրդին ամենաշատը սիրող մարդ լինել, սակայն որևէ օգուտ չտալուց զատ դեռ մի բան էլ վնաս ենք հասցնում նրանց՝ միայն մեր իրավունքները գործադրելով, իսկ պարտականությունների մասին մոռանալով:
Մենք հավակնում ենք սիրել մեր ընտանիքը, մեր հարևանին ու մեր հայրենակցին, սակայն մեր վարմունքով ցույց ենք տալիս, որ ավելի շատ ատում ենք նրանց:
Բնականաբար, բոլորին չեմ վերագրում այդ տկարությունները, քա՛վ լիցի, բազմաթիվ հարգարժան բացառություններ կան, սակայն երանի՜ թե հակառակ պատկերը բացառություն համարվեր… Իմ նպատակն է մատնացույց անել, որ մեզանում առկա վերոնշյալ բարքերից որոշները բնորոշ են մեզանից ոմանց, որոշներն էլ՝ մյուսներիս:
Շարունակելով խոսքս՝ ասեմ, որ երբ մեր վարքուբարքում այդպիսի մի հավակնություն է բույն դնում, հավակնություն՝ ինքներս մեզ միշտ լավը, իսկ ուրիշներին՝ վատը համարելու, այդժամ, բնականաբար, մենք պիտի ընդվզենք ուրիշների պակասությունների դեմ:
«Ես նման չեմ այս մաքսավորին»,- ասում էր փարիսեցին վերոհիշյալ առակում: Պատկերացնում եք, չէ՞, որ եթե այդ խեղճ մաքսավորը հենց այդտեղ մի որևէ զանցանք թույլ տար փարիսեցու դեմ, ապա վերջինս, հավանաբար, նույնիսկ կմոռանար Աստծու տաճարում գտնվելու հանգամանքն ու ապտակ և նախատինք կհասցներ մաքսավորին՝ նրան ներելու փոխարեն:
Ահա՛ այն առաջին թերությունը, որ մենք պիտի շտկենք, որպեսզի աններողամտության «քրեական» հանցանքի մեջ չընկնենք: Այդ շտկումից ավելի դյուրին բան չկա. մենք մեր ներսում ունենք խիղճ, որն Աստծու «փոխանորդն» է: Մշտապես ունկնդիր լինենք նրա ձայնին մեր ամենից պաղարյուն վիճակում, մանավանդ մեր աղոթքների ժամանակ, և մեր այդ խիղճը ցույց կտա, թե մենք ինչ պակասություններ ունենք:
Իսկ երբ լսենք մեր խղճի ձայնն ու հասկանանք մեր թերությունը, մեր առաջին քայլը պետք է լինի այն շտկելը և դարմանելը, ինչպես նաև մեր ողջամտության միջոցով այդ թերությունների իրական պատճառները քննելը:
Մեր ընկերոջ կողմից թույլ տրված սխալների պարագայում էլ հարկ է ներողամիտ աչքով նայել նրան ու մեր իսկ փորձառությունից քաղած խորհուրդներ տալ, որպեսզի ինչպես մենք մեր սխալը կշտկեինք, այդպես էլ նա իր սխալն ուղղի:
Երկրորդ կիրքը, որը հավակնություն ցուցաբերու պատճառով կամ էլ առանց դրա «նպաստում» է ընկերոջ հանդեպ մեր աններողամտությանն ու այդպիսով կործանում նրան, մեր հպարտությունն է:
Բառն ինքնին այնքան պարզ է, որ վերլուծելու կարիք չկա: Երբ չունենալով հանդերձ ձևացնում ենք, թե իբր ունենք, դա հավակնություն է, իսկ երբ մեր ունեցածը գործածելու ժամանակ արհամարհական վերաբերմունք ենք ցույց տալիս նրա նկատմամբ, որը խիստ կարիք ունի մեր ունեցած որևէ բանից օգտվելու, դա էլ մեր հպարտությունն է:
Շատ լինի թե քիչ, այն ամենը, ինչ մենք ունենք՝ խելքի «կտոր», դրամի «կտոր», ուժի «կտոր», դրանք որևէ կերպ (նույնիսկ իրենց գոյությամբ) մեզ չեն արդարացնում՝ հնարավորություն ընձեռելով արհամարհել նրանց, ովքեր դրանցից մեկը կամ մյուսը չունեն:
«Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան»,- ասում է Հիսուս: «Սաստել»-ը, այո՛, ենթադրում է «կարողություն և դիրք», սակայն եթե մենք այնքան հպարտ լինենք, որ մեզնից ավելի տկար մեր այդ եղբորը սաստելու չափով նաև զիջողական չլինենք, այլ արհամարհենք նրան, այդժամ մեր այդ «կարողությունը» կկորցնի մեր մեջ գոյություն ունենալու իր իրավունքը:
Հպարտության մեծագույն ու ամենավսեմ հակազդեցությունն Ինքը՝ Քրիստոս գործեց: Ամենքս էլ շատ լավ գիտենք այդ օրինակը, որն այնքա՜ն սքանչելի պատկեր է ներկայացնում մեր աչքերի առջև, որը հուզում է մեզ: Ավագ հինգշաբթի երեկոյան Քրիստոս՝ Աստծու Որդին, այդ մեծ Վարդապետը, մի սրբիչ վերցնելով՝ ծնկի է գալիս և Իր թշվառ ու տգետ ձկնորս-աշակերտների կեղտոտ ոտքերն է լվանում. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ» (Հովհ. 13.10):
Ասել է թե՝ աշակերտների քայլն ու ընթացքը դեպի ուղիղ ճանապարհ առաջնորդելու համար Հիսուս ծնկում, խոնարհվում է՝ նրանց ոտքերի առջև ընկած քարերը մաքրելու, ոտքերի աղտերը սրբելու համար, որպեսզի նրանք էլ այդ նույն բանն ուրիշների համար անեն: Այդպիսով Քրիստոս կամենում էր նաև ներքնապես՝ մեղքի աղտերից մաքրվելու պատգամ տալ նրանց…
Պատմության մեջ քիչ չեն այդպիսի օրինակները, որոնք թե՛ մեծերն են թողել և թե՛ փոքրերը, քանի որ միայն մեծ զորությունները չեն, որ ենթակա են հպարտության կրքին տրվելուն, այլ շատ փոքր ուժեր էլ երբեմն պետք եղածից ավելի հպարտ են իրենց ընկած եղբոր հանդեպ: Դրա համար «պատճառ» կարող է դառնալ դիմացինից մի փոքր ավելի կրթված, մի փոքր ավելի խելացի, մի փոքր ավելի տարիքով ու փորձառու լինելը կամ մի չնչին անգամ բարոյապես ավելի մաքուր լինելը:
Այդ «պատճառներից» մեկն էլ կարող է լինել այս կամ այն հարցում մեր ընկերոջից ավելի շատ իրավունքներ ունենալը: Սակայն մի՞թե իրավունքը մեզ պետք է հպարտացնի՝ «թույլ չտալով» ներել մեր ընկերոջը, երբ մանավանդ մեր դիմացինը պատրաստ է զիջելու և իր թերությունը շտկելու:
Դժբախտաբար, այդ կիրքը բավականին զորավոր է մեր մեջ, այդ իսկ պատճառով էլ հաճախ, երբ որևէ մեկը հաշտարարի դերը ստանձնելու պարտականությունն է ստանձնում այս կամ այն խնդիրը կարգավորելու համար, զգուշանում է վիճարկող կողմերից մեկին կամ մյուսին ավելի իրավունք շնորհել, որովհետև, օ՜հ, ամենքս էլ գիտենք, թե բավական է իրավունքի մի նշույլ անգամ տեսնենք, այլևս անկարելի կլինի մեր անձը զսպել, ու մինչև անիրավողին մեր ոտքերը համբուրել չպարտադրենք, չենք գոհանա…
Եվ ընդհակառակը, եթե մենք ենք անիրավող կողմն ու ամենաչնչին ակնարկից անգամ գուշակում ենք, որ մեր անիրավությունը պիտի հաստատվի կամ էլ մեզ համար աննպաստ վճիռ պիտի կայացվի, ամեն բան խառնում ենք իրար՝ նույնիսկ հաշտարարի անկողմնակալությունը կասկածի ենթարկելով:
Եթե հպարտությունն առանձին վերցրած այսքա՜ն վնասակար է, ապա որքա՜ն ավելի սարսափելի կլինի, երբ միանա հավակնոտությանը, այսինքն՝ երբ մեկը հպարտանա գոյություն չունեցող, իր չունեցած կարողությամբ կամ իրավունքով, այդժամ չարի սև դեմքը ի հայտ կգա, և ընկերոջը զիջելն ու նրա առջև խոնարհվելը մարդու համար ինքնասպանության նման կլինի… Որքա՜ն սարսափելի է այդ…
Երկրորդ կիրքը, որն արգելք է լինում մեր զիջողությանն ու ներողամտությանը կամ դժվարացնում է մեր ընկերոջ գործած սխալները դարմանելու գործը, հանդգնությունն է. «Զգո՛ւյշ եղեք,- ասում է Քրիստոս,- շա՜տ նուրբ հարց է ընկերոջ թերությունները շտկելու գործը», և դա անկախ այն բանից, թե այդ թերությունն ուղղված է մեզ, թե ուրիշին:
Այդ գործը վերին աստիճանի խոհեմություն, չափավորություն և կենսափորձառություն կամ քաղաքավարություն է պահանջում: Որքա՜ն սխալ ու մեր հուսացածին հակառակ ազդեցություն է ունենում դիմացինի հանդեպ մեր վարմունքը, երբ մենք կոպտորեն նրա դեմքին ասում ենք իր սխալի մասին և, դժբախտաբար, հաճախ հենց այդպես էլ վարվում ենք:
«Սո՛ւտ է»,- բացականչում ենք դիմացինի երեսին, սակայն եթե դրա փոխարեն ասենք՝ «Ներեցե՛ք, իմ կարծիքով սխալվում եք, կամ թերևս մոռացել եք իրողությունը», և սկսենք մեր ասածի ապացույցները ներկայացնել, կարծեմ թե այդպիսով մեր միևնույն միտքն ավելի ազդու և կազդուրիչ եղանակով տեղ հասցրած կլինենք:
Ու վերջապես, «նրբանկատություն» բառը լավագույնս բնութագրում է այն վարմունքը, որը մենք պետք է ցուցաբերենք մեր ընկերոջ սխալների, թերությունների ու տկարությունների առնչությամբ:
Ավելորդ եմ համարում այս մասին ավելին ասելը և հույս ունեմ, որ ամենքդ էլ շատ լավ հասկանում եք, թե ինչպիսի բնույթ ունի կրթված մարդկանց շրջանակներում սովորական եղող այդ գերազանցապես վսեմ ու առաջադեմ հատկությունը, որը կոչվում է «քաղաքավարություն» ու որն ինքնին քաղաքակրթության առաջին ազդակն է:
Միայն թե չէի ցանկանա մոռանալ ձեր երևակայության առջև պատկերել նաև հավակնոտությանն ու հպարտությանը միացած հանդգնությունը կամ անքաղաքավարությունը, և այդ ժամանակ այդ երեք հատկանիշները մեկտեղ բովանդակող անհատն ինչպե՞ս կարող է ներողամիտ ու օգնական լինել:
Իսկ չորրորդ ու վերջին կիրքը, որը խոչընդոտում է մեր ընկերոջ հետ վարվելու և նրա սխալները դարմանելու կամ էլ նրա իրավունքը ճանաչելու գործընթացին, բարկացկոտությունն է կամ Պողոս առաքյալի խոսքով ասած՝ «գրգռվել»-ը:
Մանավանդ երբ անիրավությունը մեր դեմ է եղել կամ էլ մենք ենք այդպես կարծում, այդժամ մեր առաջին հակազդեցությունը բարկությամբ գրգռվելն է, երբ մենք ճշմարիտ կամ կարծեցյալ անիրավության սաստկության համեմատ բորբոքվում ենք և հաճախ նույնիսկ կորցնում ենք ինքներս մեզ:
Այս վերջին կիրքն ամենասաստիկն ու ամենավատթարն է: Այն մահացու մեղքերից մեկն է համարվում: Ամենքս էլ գիտենք, թե բարկությունն ինչ չարիքներ է ծնում մեր մեջ ու որքա՜ն պառակտումների պատճառ է դառնում:
Իսկ ահա երբ այս կամ այն հարցի լուծումը հարկ է գտնել զիջողության ու ներողամտության միջոցով, այդժամ, օ՜հ, բարկությունն ու ներողամտությունը, բարկությունը և խաղաղությունը խիստ հակասում են մեկը մյուսին:
Եթե նախորդող կրքերից որևէ մեկն էլ չունենանք, միայն այս կիրքն ինքնին բավական է մեր դիմացինին գայթակղեցնելու համար, ինչպես Քրիստոս էր ասում, և այդպիսով իսկ մենք արժանի ենք դառնում երկնաքարին կապվելու և ծովը նետվելու. ահա՛ թե ինչու է դա մահացու մեղք:
Ուրեմն հարկ է, որ մենք առաջին դարմանը դնենք հենց վերջին վերքի վրա, այսինքն՝ եթե կամենում ենք, որ մեր ընկերոջ սխալը շտկվի, հարկ է, որ նախ մենք բարկությամբ չգրգռվենք. պաղարյունությունը դարմանում է ամեն սխալ, նույնիսկ մեր գործած սխալը՝ այն մեզ ցույց տալով ու մեր խղճի առջև դնելով:
Իսկ հիմա երևակայենք, թե որքա՜ն հրեշային կլիներ նա, ով հավակնոտության կամ ամբարտավանության, հպարտության ու հանդգնության հետ խառներ նաև բարկությունը կամ գրգիռը: Երբ այդպիսի մարդն ընկերոջը վնաս է տալիս, բնականաբար, գայթակղեցնում է նրան՝ վնասակար դառնալով մարդկային համերաշխության, ընկերության գոյության ու խաղաղ առաջադիմության համար:
Եվ ընդհակառակը, եթե ամբարտավանության փոխարեն ինքնագիտակցություն ունենանք, այսինքն՝ ուսանենք Սոկրատես փիլիսոփայի «Ճանաչի՛ր ինքդ քեզ» գաղափարը, այդժամ հպարտության տեղը կզբաղեցնի քրիստոնեական խոնարհությունը, հանդգնությանը կփոխարինի քաղաքակիրթ աշխարհին հատուկ նրբանկատությունը, և, վերջապես, երբ բարկությամբ գրգռվելու փոխարեն լրջմիտ մարդուն բնորոշ սառնարյունություն ունենանք, այդժամ կարող ենք մեր դիմացինին դարձի բերել ու ընկած աղտի միջից նրան բարձրացնել ո՛չ միայն յոթ անգամ, այլև յոթանասունյոթ անգամ մեղանչելուց հետո էլ, ու այդպիսով մենք ունակ կլինենք նրան կատարել տալու հասարակական այդ բարեշրջությունն իր ներսում:
Միակ կարճ բառը, որով արտահայտված առաքինությունն այդ ամենը միաձուլում է իր մեջ ու վերածնում է ընկածին, դարձյալ ու դարձյալ «սեր»-ն է, չէ որ համաձայն Պողոս առաքյալի՝ մեզ տված դասի՝ «Սերը չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, բարկությամբ չի գրգռվում»:
Այդպիսի սերը հրաշքներ է գործում ընկած ընկերոջը ոտքի կանգնեցնելու գործում: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես և ինչի միջոցով է պարզ դառնում, որ համաձայն քրիստոնեական տեսակետի՝ «կյանքի խնդիրը», այսինքն՝ ընտրականությունը և բարեշրջությունը, ոչ թե իրար ոչնչացնելու եղանակով է իրականանում, այլ՝ մե՛զ էլ, մեր ընկերո՛ջն էլ հավասարապես երջանիկ դարձնելու միջոցով:
Եվ իմացած լինենք, որ մեր այդ կառուցողական գործի համար փոխարենը չպիտի ակնկալենք նույնիսկ գեթ երախտագիտություն կամ չոր շնորհակալություն․ ո՛չ և ո՛չ։ Քրիստոս դա ևս հավակնոտություն է համարում՝ ավետարանական մի փոքրիկ առակով պատգամելով, որ ծառան չի սպասում ու չպիտի սպասի, որ նրա տերը նրան նստեցնի իր կողքին․ «Մի՞թե տերը շնորհապարտ կլինի այդ ծառային», որը լոկ իր ծառայությունն է մատուցել։
«Մենք էլ,- ասում է,- միմյանց և հանրության ազատ ծառաները լինելով, այն ամենը, ինչը որ անում ենք Աստծու, Սուրբ Գրքի, բնության, քաղաքակրթության «հրամանով», անում ենք որպես անպիտան ծառաներ, ուստի պիտի ասենք՝ անպիտան ծառաներ ենք, ինչ որ պիտի անեինք, դա՛ արեցինք»։
Այստեղ տեղին է հիշատակել վերոնշյալ գլխից Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը, որ «եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, սակայն սեր չունենամ», այս աշխարհում կղզիացած ու միօրինակ մի անձի տպավորություն կթողնեմ, «ինչպես պղինձը, որը հնչում է, և ինչպես ծնծղան, որը ղողանջում է»։
Մինչդեռ մեզնից պահանջվում է սեր, իրական սեր, որը զերծ կլինի ամբարտավանությունից, հպարտությունից, հանդգնությունից և բարկությունից՝ որպես նշյալ ախտերի դարման ունենալով ինքնագիտակցությունը, խոնարհությունը, նրբանկատությունը և սառնարյունությունը։
Վերոհիշյալ չարիքները, սակայն, որպես երիտասարդությանն ու եռանդունությանը բնորոշ կրքեր, իրենց բարի գործածությունն էլ ունեն, որը չենք կարող անտեսել։
Ամբարտավանության փոխարեն ինքնավստահություն ունենանք ու կլինենք ամենահաջողակ մարդը։ Հպարտության փոխարեն անձնական արժանապատվություն ունենալով և մեր իսկ կենցաղավարությամբ ինքներս մեզ հարգել տալով՝ կլինենք այս աշխարհի ամենապատվավոր մարդը։
Հանդգնության փոխարեն դնենք եռանդն ու աշխուժությունը և կլինենք աշխարհի ամենաառաջադեմ մարդը։ Եվ վերջապես, բարկության չար կրքի փոխարեն դնենք ստորությունների դեմ ուղղված արդար զայրույթը և կլինենք աշխարհի ամենաուղղամիտ մարդը։
Տեսնո՞ւմ եք, թե կրքերից ինչ լավ հետևանքներ կարող են բխել։ Արդեն այս չորս կրքերն իրենց բազմակողմանի երևույթներով և բարի ու չար հետևանքներով ինքնին արժանի են երկարատև ուսումնասիրության, սակայն այսօր բավականանանք միայն ինքնագիտակից, խոնարհ, նրբանկատ ու սառնարյուն սիրո մասին ուսուցումով և վստահ լինենք, որ մեր եղբորը մեզ հետ բարձր դիրքում պահելով՝ մենք էլ կլինենք հաջողակ, պատվավոր, առաջադեմ և ուղղամիտ անհատներ Եկեղեցու և մարդկության համար։
Տերունական աղոթքի պատգամի նման նախ ասենք՝ «որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց», ապա աղոթենք՝ «թող մեզ զպարտիս մեր»։ Թող որ Աստված մեր գործերի համեմատ լսի մեզ ու ամենքիս շնորհի Իր ողորմությունը․ ամեն։
Մաշտոց վրդ․ Փափազյան (Արմաշ), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար»,Կ․ Պոլիս, 1905 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը