Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է թվերն ու իրականությունը

Կառավարության նիստում օրերս Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդներից էր խոսում։ Ասում էր, թե 2023թ. մարտին Հայաստանում կրկին գրանցվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ Երրորդ Հանրապետության պատմության մեջ:

«Նախորդ այդպիսի ռեկորդն արձանագրվել էր 2022թ., երբ գրանցվել էր 704.420 աշխատատեղ: Իսկ 2023թ. մարտին արդեն ունենք 706.294 աշխատատեղ, ընդ որում՝ պետք է ամսվա հետ համեմատել, որովհետև գիտեք՝ աշխատատեղերն ունեն սեզոնայնություն և անընդհատ փոփոխվում են:

Ըստ այդմ՝ 2023թ. մարտի աշխատատեղերը նախ 2018 թվականի մայիսի համեմատ ավելի են 158 305-ով: Իհարկե, էս համեմատության մեջ մի քիչ քաղաքական կոմպոնենտ կա, բայց մենք համեմատության տվյալն ենք վերցնում, այսինքն՝ ավելի է 28,9 տոկոսով։ Շուրջ 30 տոկոսով ավելացել են աշխատատեղերը 2018թ. մայիսի նկատմամբ։

2023թ. մարտին, 2023թ. փետրվարի, այսինքն՝ նախորդ ամսվա նկատմամբ, սա էլ է կարևոր, աշխատատեղերն ավելացել են 14.028-ով։

Իսկ 2023թ. մարտը, 2022թ. մարտի համեմատ՝ աշխատատեղերն ավելացել են 51 հազար 510-ով»,- կառավարության նիստում աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդներն էր հրապարակում Նիկոլ Փաշինյանը։

Բացում ենք պաշտոնական վիճակագրությունը ու տեսնում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած աշխատատեղերի աճերը ոչ մի կապ չունեն պաշտոնական վիճակագրության ցուցանիշների հետ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցվել է անցած տարվա դեկտեմբերին։ Այդ ժամանակ արձանագրվել էր 708.906 աշխատատեղ, ինչը 2612-ով ավելի է, քան մարտի այն ցուցանիշը, որը Նիկոլ Փաշինյանը համարում է հերթական պատմական ռեկորդը Երրորդ Հանրապետության պատմության մեջ։

Ասում է՝ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ աշխատատեղերն ավելացել են 51.510-ով։

Տպավորիչ թիվ է, բայց նման ցուցանիշ պաշտոնական վիճակագրության մեջ չկա ու հայտնի չէ, թե ինչի հիման վրա է Նիկոլ Փաշինյանը նման թվեր հրապարակում։

Ահա, թե նախորդ տարվա մարտին աշխատատեղերի ինչ ցուցանիշ էր արձանագրել պաշտոնական վիճակագրությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա մարտին Հայաստանում հայտարարագրված է եղել 667.658 աշխատատեղ։ Իսկ 2023թ. մարտին, ըստ Նիկոլ Փաշինյանի, աշխատատեղերը կազմել են 706.294։

Այս թվերի տարբերությունը ոչ թե 51.510 է, ինչպես մեկ տարվա ընթացքում ավելացած աշխատատեղերի վերաբերյալ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, այլ 38.636։ Շեղումը հասնում է գրեթե 13.000-ի։

Պաշտոնական վիճակագրության ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն համընկնում նաև այլ ցուցանիշների դեպքում։

Ասում է՝ 2023թ. մարտին՝ փետրվարի նկատմամբ, աշխատատեղերն ավելացել են 14.028-ով։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ այս տարվա փետրվարին Հայաստանում եղել է 698.723 աշխատատեղ։ Եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարած մարտի 706.294-ից հանում ենք փետրվարի աշխատատեղերի թիվը, ստացվում է, որ մարտին փետրվարի համեմատ աշխատատեղերն ավելացել են ոչ 14.028-ով, այլ անհամեմատ ավելի քիչ կամ դրա գրեթե կեսի չափով՝ 7571-ով։

Սա ոչ առաջին և ոչ էլ հավանաբար վերջին դեպքն է լինելու, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է պաշտոնական վիճակագրությունը, դրանից տարբերվող թվեր է հրապարակում՝ խառնաշփոթ ստեղծում։ Եթե պաշտոնական վիճակագրությանը չի վստահում, դա իր գործն է։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է այսպես արհամարհել պաշտոնական վիճակագրությունը։

Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի վերաբերյալ, բոլորովին էլ աշխատաշուկայի ամբողջական պատկերը չէ։ Դա շուկայի աղճակատված պատկերն է, որը, հավանաբար, հիմնված է միայն ՊԵԿ-ի տվյալների վրա։ Բայց պետք է հասկանալ, որ աշխատաշուկան միայն դրանով չի սահմանափակվում։ Եվ աշխատատեղերի մասին խոսելիս ճիշտ է բերել ոչ թե ՊԵԿ-ի, այլ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։

Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը փաստերը խեղաթյուրելու և իրեն ցանկալի ձևով ներկայացնելու վարպետ է։ Ասում է՝ իշխանափոխությունից հետո Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, լավ իմանալով, որ դրանց մեծը մասը ոչ թե նոր ստեղծված, այլ նախկինում եղած աշխատատեղերն են, որոնք հայտարարագրվել են կամ օրենսդրական փոփոխությունների միջոցով դրվել են հարկման տակ։

Օրինակ՝ միկրոձեռնարկատիրությունը, որը միշտ էլ եղել է, ուղղակի տարբեր պատճառներով, նախընտրել են այստեղ զբաղվածներից շատերին հարկային բեռի տակ չդնել, որովհետև առանց այդ էլ մեծ մասն օրվա հացի խնդիր է լուծել։ Օրենսդրական փոփոխություններով այդ մարդկանց մտցրեցին հարկային դաշտ։ Որպես այդպիսին, մի քանի տասնյակ հազար գրանցված կամ հայտարարագրված աշխատողներ ավելացան, բայց դրանք նախկինում էլ կային, այդ աշխատատեղերը նոր չստեղծվեցին, պարզապես մտցրեցին հարկային դաշտ ու դրեցին հարկային բեռի տակ։

Վերջին տարիներին, որպես կանոն, նոր բացվող աշխատատեղեր Հայաստանում շատ չեն ավելանում։ Այն տասնյակ հազարներից, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, քչերն են, որ իսկապես նոր բացված աշխատատեղեր են։

Դրանց մի մասն էլ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունք է։ Պատժամիջոցների պատճառով տասնյակ-հազարավոր ռուսաստանցիներ հարկադրված տեղափոխվեցին և սկսեցին աշխատել Հայաստանից։

Դրանից աշխատանքի պահանջարկը մեր քաղաքացիների համար չփոխվեց, բայց աշխատատեղերի ցուցանիշները մի քանի հազարով ավելացան։

Աշխատատեղերի աճերը, որ կան, հիմնականում հարակից գործոնների արդյունք են։ Բուն տնտեսական զարգացումներով պայմանավորված՝ փոփոխությունները մեծ չեն։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նոր արտադրություններ կամ գործարաններ Հայաստանում հիմնականում չեն բացվում։ Որոշակի շարժեր գուցե կան ծառայությունների ոլորտում, բայց դրանք հիմնավոր աշխատատեղեր չեն և շատ զգայուն են փոփոխությունների նկատմամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս