«Ամեն մարդ կարող է ունենալ իր կարծիքը՝ չեմ ուզում արժևորել դրանք պահի հրամայականի տակ». «Նեմեսիս» հուշարձանի ճարտարապետ

Ապրիլի 25-ին Երևանում պաշտոնապես բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը, որի պաշտոնական բացմանը մասնակցում էին Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ: Ելույթով հանդես եկավ նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է։

Հուշարձանի բացմանը հաջորդած օրերին Հայաստանի դեմ քննադատություններ հնչեցին Թուրքիայից ու Ադրբեջանից։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ դատապարտեց, իսկ Թուրքիան օրեր անց փակեց իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղական հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ «Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումն անընդունելի է․ ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների՝ Հայաստանից դեպի երրորդ երկրներ չվերթերի համար։ Իսկ մեր երկրի օդային տարածքով թռիչքները թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները (Հայաստանի կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ): Եթե նրանք չդադարեցնեն դրանք, ապա մենք այլ քայլեր կձեռնարկենք»:

168.am-ը թեմայի շուրջ զրուցել է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ: Նա անդրադառնալով, մասնավորապես՝ Թուրքիայից ու Ադրբեջանից հնչած հայտարարություններին, ասաց, որ առհասարակ չի մտածել, որ նման բան տեղի կունենա, քանի որ «Նեմեսիս» հուշարձանը շարունակությունն է Եղեռնի հուշարձանի, դրա բնականոն զարգացումն է։

«Մենք ունեցել ենք նման հուշարձաններ այդ թեմայով, մասնավորապես, Անի խոշորացված համայնքում, եթե չեմ սխալվում, այլ վայրերում ևս կան։ Այդ պատճառով այս շարքում առանձնացնել դա, նշանակում է ամբողջը հետադարձով ընկալել՝ որպես սխալ քայլ։ Իսկ դա այդպիսին չի եղել, գոնե այսքանով իմ կարծիքը կարող եմ հայտնել։

Այլ բան է, որ այս ամենը տվյալ պահին հնչեղ է և արձագանքի կարիք ուներ։ Գիտեք, երևի չէր կարող չարձագանքվել, ես սա էլ եմ փորձում հասկանալ, նաև այդ հուշարձանի լինելիության անհրաժեշտությունն էլ, որպեսզի հետագայում նման բաների կրկնություններ չլինեն»,- նշեց Տիգրան Բարսեղյանը։

Ինչ վերաբերում է Պրահայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հուշարձանը տեղադրելու մասին կայացված որոշումը սխալ է եղել, Տիգրան Բարսեղյանը նկատեց.

«Ամեն մարդ կարող է ունենալ իր կարծիքը, և ես չեմ ուզում արժևորել դրանք պահի հրամայականի տակ։ Այնպես որ, մարդիկ ազատ են՝ անկախ իրենց դիրքից, քաղաքացիական դիրքորոշմամբ, իրավիճակից ելնելով՝ կարող են արտահայտվել։ Ես չեմ ուզում մեկնաբանել դա և արժևորել։ Ես իմ տեսլականն եմ ուղղակի հաղորդել ճարտարապետական միջոցներով և, իհարկե, կարծում եմ՝ դա կարող էր և պետք է լիներ։ Սա չէ, որ պետք է խոչընդոտի երկրների միջև եղած հարաբերությունների հետագա զարգացումներին, մենք պատմության մեջ շատ ենք ունեցել հերոսներ, որոնք բնականորեն հակառակորդի համար հակահերոսներ են ընկալվել և՝ հակառակը։ Եկող սերունդներն արդեն պետք է հետևություններ անեն անցյալից և ավելի ճիշտ քայլերի գնան հարաբերություններում»։

Ի դեպ, մայիսի 5-ին էլ Թուրքիա կատարած այցի շրջանակներում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում խոսել էր նաև «Նեմեսիս» հուշարձանի մասին և ասել էր, թե չէր ուզի, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի՝ որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ ոչ բարիդրացիական քայլ:

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այդ հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում: Եվ ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի՝ որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ Պրահայում, ի դեպ, գրեթե նույն թեզն է առաջ տարել, երբ հայտարարել է, թե սխալ որոշում է կայացվել։

«Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս