Բաժիններ՝

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Մյասնիկյան փողոցում կատարված սպանության դեպքի մասին

Պարզվել են ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանության էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Սպանվածը նույն շենքի բնակիչ Ս.Վ.-ն է, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձն Արտաշատ քաղաքի 42-ամյա բնակիչ Գ.Հ.-ն է:

2023 թ. ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց տղամարդու դի էր հայտնաբերվել՝ գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Երևան քաղաքի Սարալանջի փողոցի աջակողմյան հատվածում միմյանցից տարբեր հեռավորությունների վրա, հայտնաբերվել են հանցագործության գործիք ատրճանակը, ատրճանակի փողատուփի կափարիչը, փամփշտատուփը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի վերարկուն և գլխարկը, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցվել են:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Հերացի փողոցում գտնվող դպրոց, որտեղ սպասել է տուժողին: Երբ վերջինս մոտեցել է իր բնակության հասցեին, մոտեցել է նրան, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ և դիմել փախուստի:

2023 թվականի մայիսի 2-ին Գ. Հ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետի տարածքում: Նա ձերբակալվել է վերը նկարագրված հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031