Սա դեռ սկիզբն է

Մինչ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ամռանը բացել հայ-թուրքական ցամաքային սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների ազատ ելումուտի համար, Թուրքիան ապրիլի 29-ին հերթական անգամ փակեց իր օդային տարածքը հայկական օդանավերի դիմաց՝ նույնիսկ հարկ չհամարելով Հայաստանի ավիացիոն իշխանություններին զգուշացնել դրա մասին։ Սահմանը հանկարծակի փակելու պատճառով Ֆրանսիայից Երևան ժամանող ինքնաթիռը ստիպված եղավ վայրէջք կատարել Քիշնևում։

Թուրքիայի օդային սահմանը Հայաստանի համար բացվել էր անցած տարվա մարտին։ Մինչ այդ՝ 2020թ. հուլիսից, այն փակ էր Հայաստանում գրանցում ունեցող օդանավերի, այդ թվում՝ կառավարական ինքնաթիռի տարանցիկ թռիչքների համար։

Անցած տարվա մարտին Թուրքիան բացեց իր օդային տարածքը հայաստանյան օդանավերի համար, այս տարվա ապրիլին, անհեթեթ պատճառաբանությամբ, կրկին փակեց։

Բացումը տևեց ընդամենը մեկ տարի-տարի մեկ ամիս։

Օդային սահմանը բացելուց հետո, այս տարվա սկզբից էլ հայտարարեցին Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին։ Չնայած դրանից հետո էլ այն, ըստ էության, չէր գործում, որովհետև որպես այդպիսին, օդային բեռնափոխադրումների կարիք չկար։ Պատահական չէ, որ բացումից ամիսներ անց ոչ մի անգամ Թուրքիայի և Հայաստանի միջև օդային բեռնափոխադրումներ չեն իրականացվել, նախ՝ որովհետև դա թանկ հաճույք է, և երկրորդ՝ Հայաստանը Թուրքիայից այնպիսի ապրանքներ չի ներմուծում կամ արտահանում, որ նպատակահարմար լինի տեղափոխել օդանավով։

Այսինքն՝ բացել-չբացելը մի հաշիվ էր։ Դրանով ոչ մի նոր բան չէր ավելանում բեռնափոխադրումների առումով։ Այն, միևնույն է, ինչպես չէր գործում, այնպես էլ շարունակեց չգործել նաև արգելանքը հանելուց հետո։

Պարզ է, որ հիմա օդային բեռնափոխադրումները ևս արգելվել են։ Այդպիսի փոխադրումների համար էլ սահմանը բաց մնաց ընդամենը 3-4 ամիս։

Սահմանի փակումը թուրքական կողմը հիմնավորել է Հայաստանից եկած «սադրանքներով»։

«Մենք Հայաստանի համար փակել ենք օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար, անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա, որ մասնավոր ինքնաթիռները անցնեն մեր տարածքով, քանի դեռ [Հայաստանի կողմից] սադրանքները շարունակվում են։ Եթե ​​դրանք չդադարեն, ապա մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- Հայաստանին սպառնաց Թուրքիայի արտգործնախարարը։

Սահմանի փակումը կապվեց Երևանում օրերս բացված «Նեմեսիս» արձանի հետ։

Թուրքիան, ըստ էության, պահանջում է, որպեսզի ապամոնտաժվի այդ արձանը։

Հիմա իշխանությունները տվայտանքների մեջ են։ Հակված են կատարել Թուրքիայի իշխանությունների կամքը, բայց մյուս կողմից՝ զգուշանում են հասարակության արձագանքից։

Թեև խնդիրը նույնիսկ այդ արձագանքները չեն։ Ի՞նչ հույսով են իշխանությունները պատրաստվում այդքան զիջումների գնով բացել հայ-թուրքական սահմանը, երբ ցանկացած պահի այն կարող է կրկին փակվել։

Եթե արձանի բացումը կարող է սահմանի փակման պատճառ դառնալ, դժվար չէ հասկանալ, որ դրա համար միշտ էլ նոր «սադրանքներ» կամ պատճառներ կարող են գտնվել։ Ընդամենը ցանկություն է պետք սահմանը փակելու համար։

Վաղն էլ կարող են այլ պահանջներ ներկայացնել, նաև  Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը ապամոնտաժել կամ դադարել խոսել Ցեղասպանության մասին։ Ու պահանջը չկատարելու պատճառաբանությամբ կրկին փակել սահմանը։

Արձանի բացման պատճառաբանությամբ Թուրքիան փակում է օդային սահմանը, իսկ Հայաստանը պատրաստվում է ցամաքային սահման բացել։ Մարգարայի անցակետում վերանորոգման աշխատանքներ են կատարվում։

«Կա պայմանավորվածություն, որ ցամաքային սահմանն այս ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Հայկական կողմն իր կողմից աշխատանքներ է տանում՝ Մարգարա անցակետը վերազինելու, կահավորելու համար, որպեսզի ամռան սկզբին պատրաստ լինենք նշածս պայմանավորվածությունները մեր կողմից իրագործելու: Դա ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում և այլն»,- ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարում էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ այսօր Թուրքիան եղածն էլ է փակել։

Չբացված, արդեն պարզ է, որ առավել ևս ցամաքային սահմանի բացումը, եթե այնուամենայնիվ հաջողվի հասնել դրան, լինելու է միջոց Թուրքիայի իշխանությունների ձեռքին, ցանկացած պահի սահմանը փակելու սպառնալիքով՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա։ Հատկապես որ, Հայաստանի այսօրվա իշխանությունները մեծ հույսեր են կապում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ու ցամաքային սահմանը բացելու հետ։ Կարծում են, որ դրանից հետո Հայաստանի տնտեսության համար զարգացման մեծ հեռանկարներ են բացվում։ Չնայած բազմաթիվ մասնագետներ այդպես չեն մտածում ու  կարծում են, որ սահմանի բացումը կործանարար հետևանքներ է ունենալու մեր տնտեսության մի շարք ճյուղերի վրա։ Խոսքը մասնավորապես՝ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ու վերամշակող ճյուղերի մասին է։

Անգամ սահմանի փակ լինելու պարագայում այդ ազդեցությունը վերջին շրջանում մեծացել է՝ կապված նրա հետ, որ իշխանություններն այլևս վերապահումով չեն մոտենում թուրքական ապրանքների ներկրումներին ու Հայաստանում իրացմանը։

Ի տարբերություն թուրքական ապրանքների, հայկական ապրանքները նույնիսկ սահմանի բացման պարագայում հեռանկար չունեն թուրքական շուկայում։ Նախ, որ դրանց տեսականին շատ սահմանափակ է, և երկրորդ՝ մրցունակության մակարդակն է ցածր։ Նույնիսկ ներքին շուկայում հայկական ապրանքները մրցունակության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն թուրքական ապրանքների հետ։ Բայց իշխանություններին սա կարծես քիչ է մտահոգում։ Նրանք համառորեն առաջ են մղում հայ-թուրքական սահմանի բացման գաղափարը։

Թվում է, թե Թուրքիայի վերջին քայլը լավ դաս պիտի լիներ իշխանությունների համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Նրանք պատրաստ են, անգամ ազգային արժանապատվությունն ու արժեքները զիջելու գնով, հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, որը, սակայն, ցանկացած պահի կարող է փակվել անհեթեթ պատճառաբանություններով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս