Երևանում կնշվի Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը
Ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի երաժշտությամբ սերունդներ են կրթվում: Բազմաթիվ երաժիշտներ փորձում են գերազանցել նրա կատարողական վարպետությունը, սակայն քչերին է դա հաջողվում: Իսկ այն, որ Ռախմանինովի երաժշտությունը հավերժ է, փաստում են դասականների նվագացանկերը, որոնցում նրա գործերն ուրույն տեղ են զբաղեցնում:
Մեծն կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի առթիվ մայիսի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով քննարկում անցկացվեց՝ մշակույթի ոլորտի տարբեր գործիչների մասնակցությամբ:
Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի խոսքով՝ Ռախմանինովն իր հանճարեղ սիմֆոնիկ, օպերային և այլ ստեղծագործություններով հարստացրել է ոչ միայն ռուս, այլև համաշխարհային երաժշտարվեստը: «Ռախմանինովն իր ստեղծագործական գործունեությամբ անդրադարձել է հայ գրականությանը՝ մասնավորապես Ավետիք Իսահակյանի պոեզիային: Մեծանուն կոմպոզիտորի գործերը հայ կատարողների նվագացանկի անբաժանելի մասն են եղել»,-ընդգծեց Սուվարյանն ու հավելեց՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարավոր պատմություն ունի, որում յուրահատուկ տեղ են զբաղեցնում գիտական ու մշակութային փոխհարաբերությունները:
Ակադեմիկոսն ասաց, որ այդ կապերն ամուր են եղել հատկապես երաժշտարվեստում և հիշեցրեց, որ մեծանուն կոմպոզիտորներ Մակար Եկմալյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը և այլք ռուսական երաժշտական բուհերի շրջանավարտներ են եղել, իսկ ջութակահար Հովհաննես Նալբանդյանը, երգիչ Բեգլար Ամիրջանյանն ու այլք իրենց կատարողական գործունեությամբ նպաստել են ռուսական երաժշտության զարգացմանը:
Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ չնայած Ռախմանինովն իրեն ռուս կոմպոզիտոր է համարել, սակայն համաշխարհային մեծություն է, և նրա համբավը վաղուց է դուրս եկել Ռուսաստանի սահմաններից:
«Նա աշխարհում ամենաշատ կատարվող կոմպոզիտորներից է: Այն, ինչ նա արել է, շատերը հետագայում կրկնել են: Ռախմանինովի «Դաշնամուրի երկրորդ կոնցերտ»-ը, «Իտալական պոլկան»-ն, «Վոկալիզ»-ը և այլ գործեր տարբեր երկրների երաժշտասերները ճանաչում են առաջին իսկ նոտաներից: Այն ժառանգությունը, որ թողել է Սերգեյ Ռախմանինովը, անգնահատելի է, և բոլորն են ձգտում հասնել նրա երաժշտության կատարելությանը, սակայն յուրաքնաչյուր երաժիշտ չէ, որ կարող է նրա պես նվագել»,-ընդգծեց Բրիզգալովն ու հիշեցրեց, որ 2023-ին լրանում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը, Ֆեոդոր Շալյապինի 150-ամյակը:
Ըստ նրա՝ այդ ամսաթվերը մեզ ավելի են կապում, և պատահական չէ, որ երկու երկրների մշակույթի ոլորտի ներկայացուցիչները նման քննարկումներ են անցկացնում, քանի որ այդ զրույցների ընթացքում բացահայտումներ են լինում:
Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանում է պահվում Ռախմանինովի ժառանգության մի մեծ մաս՝ 3700 նմուշ, սակայն ամեն անգամ նորություններ են գտնում:
Միխայիլ Բրիզգալովը վստահեցրեց, որ Ռախմանինովը դեռ շատ երկար տարիներ, դարեր կապրի, քանի որ նրա երաժշտությանը սիրահարվում են անմնացորդ, այն երբեք ոչ ոքի անտարբեր չի թողնում:
Ռախմանինովի հոբելյանի առթիվ մայիսի 2-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվել է նրան նվիրված «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոիզտոր եմ» ցուցահանդեսը, որում ընդգրկված են Ռախմանինովի արխիվից հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ, նրա ընտանիքի ծագումնաբանական ծառը և ստեղծագործությունների ձեռագրերը: Ներկայացված է նաև մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի միջոցով այցելուները կկարողանան լսել Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ։
Դաշնակահար, տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց՝ դեռ տասը տարի առաջ թանգարանը Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի հետ համագործակցության պայմանագիր է կնքել, որի շրջանակում իրականացված առաջին նախագիծը Ռախմանինովին և Շալյապինին է նվիրված եղել և յուրահատուկ ցուցանմուշներով ցուցադրություն է բերվել Երևան: «Այս տարի կրկին դիմեցի Միխայիլ Բրիզգալովին ու Ռախմանինովի 150-ամյակի առթիվ խնդրեցի մեզ ցուցադրության նյութեր տրամադրել, և նա անձամբ եկավ ցուցադրության բացմանը, որին հաջորդած համերգային ծրագրում հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները»,-շեշտեց նա:
Գրիգորյանն իրեն կոմպոզիտորի մեծ երկրպագու է համարում և մշտապես կատարում է նրա դաշնամուրային ստեղծագործությունները:
Միջոցառմանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի միջև համագործակցության համաձայնագիր կնքվեց: Կողմերը վստահեցրին, որ ձեռք բերված համաձայնագրի արդյունքները երկար սպասել չեն տա: