
Կալանավորված անձին այցելած քաղաքացին ձերբակալվել է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում փորձ է արվելու փոխանցել կասկածելի զանգվածներ:
Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ մայիսի 2-ին ժամը 15:30-ի սահմաններում հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկությունների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել Գ. Ն.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են երկու փաթեթ:
Նշված փաթեթներից մեկում առկա է եղել թմրանյութին նմանվող, 2,13 գրամ քաշով, շագանակագույն զանգված, մյուս փաթեթում՝ 0,90 գրամ քաշով, սպիտակ զանգված:
Ա. Ս.-ն բանավոր հայտարարել է, որ նշված զանգվածները հանդիսանում են թմրանյութ, և դրանք նախատեսում էր փոխանցել կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում:
Քաղաքացի Ա. Ս.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: