«Ինչ պետք է արվեր ինստիտուցիոնալ մակարդակով և չարվեց». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ պետք է արվեր ինստիտուցիոնալ մակարդակով և չարվեց:

«Հեղափոխություն»
Երբ 2018 թ ապրիլի 26-ին ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ «Կամ ինքը կընտրվի Հայաստանի վարչապետ, կամ երկրում կառավարության ղեկավար ընդհանրապես չի ընտրվի»: Մեր երկրի համարյա ողջ իրավա-քաղաքագիտական միտք ու հետագիծ ունեցող պլեադան, կրելով պետության իրավաքաղաքական և ինստիտուցիոնալ հիշողությունն ու սկզբունքները պետք է ձայն հաներ և ընդգծեր այսպիսի մտքերի անթույլատրելիությունն ու այսպիսի ներքին կոնստիտուցիա ունեցող անձին իշխանություն վստահելու ռիսկերը, չտրվելով շանտաժային և տեռորային ամբոխավարության էֆորիային:

Չարվեց, արդյունքում նրանց տեղը զբաղեցրեցին կատարյալ անգրագետ «քաղաքական կիլլերներն» ու «քաղաքական բլոգերները», բացահայտ թշնամահաճո թեզեր ներբեռնող ծակ մասնագետներն ու օտարածին ու օտարասուն քաղ. մեկնաբանները և վերջապես լրագրիչից քաղ.անալիտիկ դարձած տեքստ կարդացողները:

«Եկեղեցի»

Երբ 2018 թ. հունիսին նորելուկ իշխանությունների բացարձակ թողտվությամբ, եթե ոչ աջակցությամբ մի շարք թմրամոլ գործակալներ և ավանտյուրիստ աղանդավորականներ գրավեցին Մայր Աթոռի վեհարանը, հետո էլ ֆիզիկական ոտնձգությունների ենթարկեցին Կաթողիկոսին: Գևորգյան ճեմարանի սաները, Էջմիածնի միաբանության անդամները, քահանայաց դասը, հոգևոր սպասավորները պետք է պաշտպանեին վեհարանն ու կաթողիկոսին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի հարության տոնի ժամանակ են ուժով, կռվով, պայքարով ու նախանձախնդրությամբ տեր կանգնում Երուսաղեմի տաճարից կրակը դուրս բերելու իրենց իրավունքին:

Չարեցին, արդյունքում Մայր Տաճարը հինգերորդ տարին է լուսանցքային կարգավիճակում է:

«Դատական համակարգ»
Երբ 2019 թ. մայիսի 20-ին Փաշինյանը շրջապատել տվեց դատարանները, դատավորների ողջ համայնքը իր ձեռամբ պետք է պառալիզացներ երկրի ողջ դատավարական համակարգը պայքարելով իր սահմանադրական սուվերենության և ապագայում նաև ապահովագրեր իրեն գործադիրի ոտնձգություններից:

Չարվեց, արդյունքը կիսաքանդ և հնազանդ դատաիրավական համակարգն է, որն էլ դեռ գոյություն ունի ի հաշիվ մի քանի տասնյակի հասնող սկզբունքային ու ձիգ դատավորների:

«Կառավարման համակարգ»
Երբ 2019 թ-ի հունվարի 10-ից մեկնարկեցին կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որի նպատակը իբր պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն էր, իսկ իրականում սփյուռքի և մշակույթի նախարարությունների լիկվիդացիան և երկու հենասյունային պետական ինստիտուների համահարթեցումը: էսպես կոչված մշակութային գործիչներն ու ինտիլիգենցիան պետք է իրենց վստահ ու իմաստուն պրոտեստն ու նվիրականությունը այդ ոլորտների պահպանման և գերկարևորման առումով ցույց տային: Սփյուռքը պետք է ոտքի կանգներ չհամաձայնվելով մայր հայրենիքում բարձր ինստիտուցիոնալ մակարդակով ներկայացված լինելու փոխարեն, ինչ որ օտար միսսիոների կամ հանձնակատարի ձևաչափի նվաստացուցիչ մակարդակի հետ, հենց այնպես, ինչպես համախմբվել էր հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Չարեցին, փոխարենը մշակութայինները գնացին իրենց հին մաղձերի և կոմֆորմիզմի ճանապարհով, իսկ սփյուռքը պատերազմի ընթացքում «Հայաստան հիմնադրամի» միջոցով վերջին անգամ լիակատար կերպով կթվեց և երես թեքեց:

«ՍԴ»
Երբ 2020 թ հունիսի 20-ից փաստացի սկսվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կուսակցա-քաղաքական բռնազավթումը, որն ակնհայտ պայմանավորված էր սեփական իշխանության սահմանադրաիրավական դիրքերը ամրապնդելու մոլուցքով, ինչը փաստացի նշանակում էր ՍԴ-ի ուզուրպացիա, ընդամենը մի քանի տասնյակի էին հասնում հազարավոր իրավաբանական համայքից այն ներկայացուցիչները, որոնք իրենց մասնագիտության նվիրյալները, լինելով կանգնեցին ոչ թե քաղաքական կամքը հլու հնազանդ ընդունելու, դրան իրավական ֆեյք տեսք տալուն, այլ իրավագիտության հենասյունային սկզբունքների և իրավունքի փիլիսոփայության կողքին:

Չարվեց, հարյուրավորները գերադասեցին լռել ու հպատակվել, գտնել իրենց անձնական շահը, պետության իրավա-սահմանադրական բնույթը խեղվեց, ՍԴ-ն կուսակցա-քաղաքականացվեց: Հետագայում ԲԴԽ կոչվածի հետ նույնն անելը դարձավ տեխնիկայի հարց:

«Ընդդիմություն»
Թե, երբ և ինչ պետք է աներ ընդդիմությունը և ինչպիսին լիներ, ասել եմ տասնյակ անգամներ, թե մասնագիտական, թե քաղ.տեխնոլոգիական, թե տեսական, թե վերջապես քաղաքական գրագիտության տեսանկյունից էստեղ, իսկ բազմաթիվ անգամներ հենց իրենց: Այսօր կասեմ մեկ բան:

Երբ 2022 թ-ի մայիսի 5-ին Բաղրամյան պողոտայում շուրջ հիսուն հազարից ավել հայ մարդիկ կազմ և պատրաստ յուրաքանչյուր գործողության կանգնած սպասում էին և պատրաստ էին յուրաքանչյուր զարգացման, հենց այդ օրը «Դիմադրությունը» իր շանսը բաց թողեց և անցավ ազատ անկման ռեժիմի:

Նա հենց այդ օրը պետք է վերածեր ԱԺ-ն հայ մարդկանց կամքի իրացման վայրի, աննահանջ քաղաքական կամքով պարալիզացնելով ողջ ԱԺ-ն: Տարիներով հայկական բոլոր ընդդիմությունները փաստել են, որ իրենք ժողովրդի քթից թափվող արյան գնով որևէ բան չեն անի:

Հենց մայիսի 5-ին կար շանս ԱԺ շենքի ներսում սեփական պատգամավորական քթից եկող արյամբ և ջանքերով, դրսում մեջքին կանգնած ժողովրդով, որը կբազմապատկվեր տեսնելով ԱԺ շենքում իրական պայքար ու ջանք, որն արվում և թափվում է հանում սեփական երկրի ու ժողովրդի, ոչ թե իշխանության գալու, այլ երկրի կործանումը կասեցնելու համար:

Չարվեց… Արդյունքը տեսնում ենք:

P.S. Անել է պետք,աներկբա անել է պետք»:

Տեսանյութեր

Լրահոս