
Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը Աբրահամյանը իր էջում գրում է. «Արձագանքելով ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, որում տեսանելի է, թե ինչպես են արցախցիները Հակարի գետի վրա տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետն անցնում` անձնագրային ստուգմամբ և մեքենայի զննությամբ, Արցախի պետնախարարը նշել է, թե ՀՀ-ից «իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների, վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»:
Միանգամից ասեմ, որ պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ հենց միայն այն տեսանկյունից, որովհետև մեկ շաբաթ է մամուլում, սոցիալական ցանցերում հազարավոր նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էր շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային:
Եվ ամենակարևորը, ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս` մինչև ադրբեջանական անցակետ, ծառայություն են կրում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ ծառայություն են կրում ՀՀ սահմանապահ զորքերը, որոնք բնականաբար տեղյակ էին իրավիճակից:
Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը:
Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը, որովհետև սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում»։