1000-ից ավելի մեքենա ճանապարհին է. ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը
Եթե ապրիլի 15-ին հեղուկ գազի գինը 120-130 դրամ էր, ապա 5 օր է, ինչ գինը բարձրացել է՝ դառնալով 180-200 դրամ:
«Ռուսաստանից գազ չի գալիս: Հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել Լարսը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ և թանկացում։ 5 օր առաջ մի տեղ 150 էր, 2 ժամից էլի անցա այդ լցակայանի մոտով, դարձել էր 170, իսկ հիմա արդեն 180-200դրամ է: Կարծես թե էլեկտրամոբիլներին անցնելու ժամանակն է»,- մեզ հետ զրույցում նշեց վարորդներից մեկը՝ նշելով, որ քանի դեռ հեղուկ գազը թանկ է, ապա սկսել է բենզինից օգտվել:
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը գնի բարձրացումը կապում է միայն ռուս-վրացական սահմանում առաջացած խնդրի հետ, բայց չի կիսում այն տեսակետը, թե վերջին օրերին հեղուկ գազի գների կտրուկ բարձրացումն ավելի շատ տնտեսվարողների միջև պայմանավորվածության արդյունք կարող է լինել՝ այդ գներն ավելի տրամաբանված միջակայքում պահելու համար։
«1000-ից ավելի մեքենա ճանապարհին է: Վրացական կողմը բաց է թողնում, մնում են ռուսական կողմում: Ինչ վերաբերում է մրցակցությանը և ինչ-որ ընկերություններին շուկայից դուրս մղելուն, ապա ո՞վ, ո՞ւմ պետք է հանի: Ներկրող են, բարձրանա էլ, իջնի էլ, երկուսն էլ նույն գնով վաճառելու են: Կարծում եմ, ներկրման խնդիր է, որովհետև գինը միշտ էլ բարձրացել և իջել է: Կապ ունեն նաև միջազգային գները, որոնք ևս տատանվում են: Հավասար բարձրացել են հեղուկ գազն ու բենզինը, չի կարող մեկը բարձրանալ, մյուսը՝ մնալ: Ռեգուլյարն այս պահին 320-350 դրամ է»,- նշեց Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները, պայմանավորված վտանգավորության աստիճանով, սահմանն անցել են առանց հերթի։
Ավելի վաղ զրուցել էինք նաև գազալցակայաններում աշխատողների հետ: Նրանք, ովքեր գազը վերցրել են Ռուսաստանից, ասացին, որ միշտ եղել է 120 դրամ: Հիմա շուկայում կա նաև պարսկական գազ, և գուցե հիմա ավելի շատ շուկայում ռուսական գազն է, ու գնի նվազում է եղել: Իսկ երբ կրկին ակտիվանա պարսկական գազը, ապա կլինի գնի բարձրացում: