«Հայրենիքի գո՛ղ, քեզ սպասվում է վռնդո՛ւմ և պատի՛ժ». Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ազատության հրապարակում այս պահին ընթանում է «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքը, որի օրակարգում 2 հարց է՝ Արցախի ճանաչում և Նիկոլ Փաշինյանի հեռացում:
Լեհաստանում նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ հուշաթերթով է եկել հանրահավաքին, որտեղ նշել է Նիկոլ Փաշինյանի ստերի մի մասը, որոնք Փաշինյանն իշխանության գալուց առաջ խոստացել է ժողովրդին, բայց չի իրականացրել.
«Հիմա ես թվարկեմ մի քանի թեզեր, որ այս խաբեբան, սրիկան ներկայացրել է ադրբեջանա-թուրքական հեղափոխության ժամանակ կամ դրանից հետո՝ պաշտոնը ստանձնելուց հետո:
– Ասում էր՝ տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը կհանվեն, մարդիկ չեն տուգանվի:
– Ասում էր՝ տնտեսության կառուցվածքը կփոխվի, հանքերը կփակվեն:
– Ասում էր՝ առանց Արցախի Հայաստանում բանակցային գործընթաց չի լինի, Արցախը պետք է վերադարձնել սեղանի շուրջ: Արցախի շուրջ բանակցություններ ընդհանրապես տեղի չեն ունենում:
– Ասում էր՝ աղքատությունը պետք է ջնջվի: Նրա իշխանության օրոք աղքատությունը ոչ միայն ավելացել է, այլև ավելացել է ծայրահեղ աղքատությունը, բնակչության 20 տոկոսը համարվում է սովահար:
– Ասում էր՝ վենդետա չի՛ լինելու, էս ասողը հասել է այն բանին, որ մարդիկ վախենում են գալ հանրահավաքների, վախենում են ուրիշների գրառումների տակ լայքեր դնել, որովհետև պետական կառավարման համակարգը զբաղված է միայն վենդետայով:
– Խոստացել էր, որ շաքարավազի մենաշնորհը կվերանա, այլևս հայտնի գործարարը (Սամվել Ալեքսանյան.- Ն.Խ.) չի ներմուծի շաքարավազ, կամ կլինեն այլ ներմուծողներ…»
Բազմաթիվ այլ չկատարված խոստումներ թվարկելուց հետո Էդգար Ղազարյանն ասաց, որ դրանցից ընդամենը մեկը բավարար է, որ Փաշինյանը հեռանա իշխանությունից.
«Թվարկածներից որևէ մեկը բավարար է, որպեսզի պետության ղեկավարը հրաժարական տա, ռադը քաշի, գնա: Պետության ղեկավարը, որը պատասխանատու է պետության անվտանգության համար, Կառավարության նիստում ասում է՝ «մենք անվտանգության հարցում ձախողել ենք», ու այդ ասողը մնում է իշխանության ղեկին: Հեղափոխությունը, որով մենք սրանց պետք է վռնդենք իշխանությունից, պետք է կոչվի՝ «Արժանապատվության հեղափոխություն», դրան պետք է մասնակցեն միայն մարդիկ, որոնք ունեն արժանապատվություն, որոնք չեն կարող հանդուրժել խաբեբային, որ իշխի իրենց, այս իրողությունը: Այս իրողությունը դավաճանություն է, իսկ դավաճաններին վռնդում ենք ու պատժում: Հայրենիքի գո՛ղ, քեզ սպասվում է վռնդում և պատիժ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում