Երկու նախարարական և մեկ Փաշինյան-Ալիև հանդիպո՞ւմ. Առաջիկայում հայ-ադրբեջանական բարձրաստիճան շփումներն ակտիվանալու են

Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, բանակցային գործընթացում երկարատև դադարից, հայ-ադրբեջանական սահմանին արյունալի միջադեպից ու Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական անցակետի տեղակայումից հետո սպասվում են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ: Խոսքը թե Միրզոյան-Բայրամով մակարդակի հանդիպումների, թե Փաշինյան-Ալիև հանդիպման մասին է:

Օրերս իր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ հաստատեց, որ կողմերի հետ կա համաձայնություն՝ հանդիպում անցկացնել Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո: Սակայն այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առաջին անգամ չէր խոսում, վերջին ամիսներին նա պարբերաբար նշում էր, որ կա նման համաձայնեցում, սակայն հանդիպման ամսաթիվը կհրապարակվի, երբ վերջնական համաձայնեցվի:

Մեր տեղեկությունների համաձայն, բոլոր համաձայնություններն այս մասով կայացած են և առաջիկա օրերին Մոսկվայում սպասվում է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում: Այս ֆոնին հարկ է հիշեցնել, որ օրերս Երևանում էր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով խորհրդակցություններ էր անցկացրել իր հայ գործընկերների հետ, իսկ երևանյան այցին հաջորդել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի առանձին հանդիպումները Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ քննարկվել էր իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում:

Առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան դիվանագիտական շփումները սրանով չեն սահմանափակվում: Որքան էլ, այդ թվում՝ արևմտյան հարթակում բանակցային գործընթացը խնդրահարույց է, և հատկապես Ադրբեջանի վերջին քայլերը, ըստ արևմտյան պաշտոնական գնահատականների, չեն նպաստում, այսպես կոչված, խաղաղ գործընթացին, կա պայմանավորվածություն նախարարական հանդիպում անցկացնել նաև Վաշինգտոնում, որի մասին խոսվում է, թերևս, մարտի վերջից: Այս հանդիպումը ևս, մեր տեղեկություններով, սպասվում է մոտ ապագայում: ԱՄՆ Պետքարտուղարությունը վաղուց էր նախարարներին հրավիրել մայրաքաղաք, և ըստ ամենայնի վերջնական համաձայնեցումը կայացել է ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների՝ վերջերս Երևան ու Բաքու կատարած այցերի ընթացքում:

Եվ ուշագրավ տեղեկատվություն հայտնի դարձավ այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի երևանյան այցի ընթացքում: Հայաստանյան լրագրողների հետ հանդիպմանը ֆրանսիացի դիվանագետն ակնարկեց, որ նախապատրաստվում է նաև բարձրաստիճան հանդիպում Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման օրինակով: Ըստ Կոլոնայի, կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա և փորձել որոշակի համաձայնության կոնկրետ կետեր գտնել առաջիկա հանդիպումների ժամանակ: «Երկրորդ՝ Քիշնևում մենք կարող ենք հույս ունենալ, առիթ ունենալ բարձր մակարդակի երկխոսության, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցանք: Այսինքն՝ գործընթացն ընթացքի մեջ է»,- նշեց այսօր Կատրին Կոլոնան:

Նշենք, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, և փաստորեն եվրոպական համայնքը կրկին ցանկանում է ԵՔՀ-ի նախորդ տարի Պրահայում կայացած գագաթնաժողովի օրինակով հանդիպում կազմակերպել Փաշինյանի ու Ալիևի միջև: Հիշեցնենք, որ Պրահայի հանդիպումը քառակողմ ձևաչափով էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

Ի դեպ, այսօր կայացած Միրզոյան-Կոլոնա ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ բանակցային մոսկովյան և արևմտյան հարթակներին: Նա նշեց, որ վերահաստատում է ՀՀ դիրքորոշումը. «մենք տարբերություն չենք դնում հարթակների միջև։ Խաղաղության գործընթացը մեկն է։ Բանակցություններն էլ ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, դրա հիմնադրույթների շուրջ։ Շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում։ Հայաստանի համար, առնվազն, հարցն այդպես չի դրված` բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում»:

Տեսանյութեր

Լրահոս