«Ցուցակ են ուզել, տրամադրել եմ». Արցախ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ Արցախում մնացած ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության խնդրի լուծման մասին
Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն էր հրավիրել շրջափակված Արցախում գտնվող ՀՀ քաղաքացիների անձնագրերի ժամկետները լրանալու հետ կապված կեցության բարդություններին:
«Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների…
Արցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել, որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։
ՀՀ «կառավարությունը» փաստացի ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, այլ նաև իրեն չի հետաքրքրում այստեղ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը»,- գրել էր արցախցի երիտասարդը։
Այդ գրառմանն արձագանքել էր Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով խնդրել էր ՄԻՊ գրասենյակ դիմել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բախվել են բարձրացված խնդրին՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։
Ապրիլի 26-ից սկսվել էին ՀՀ քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակ այցելությունները՝ անձնագրերի հետ կապված խնդրով:
168.am-ը խնդիրը նաև ՀՀ Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) վերահասցեագրեց` ցանկանալով պարզել՝ տեղյա՞կ է արդյոք ՆԳՆ-ն խնդրի մասին, ինչպե՞ս պետք է մարդիկ կենսաթոշակ ստանան, գործարք անեն, եթե անձնագրերի վավերականությունն անցել է, ու այդ գործընթացը հնարավոր չէ Արցախում իրականացնել:
«Արցախի գործընկերների հետ հարցը քննարկվել է։ Կապահովվեն այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան քաղաքացիներին իրացնել իրենց իրավունքները»,- ասացին ՆԳՆ-ից՝ չմանրամասնելով՝ ինչ լուծումներ են դրանք։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ իրենց այս պահի դրությամբ դիմել է ՀՀ 4 քաղաքացի:
«Ցուցակը դեռ վերջնական չէ, ճշտում ենք»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:
Հարցին՝ արդյոք ՀՀ ՆԳՆ-ից արձագանքե՞լ են խնդրին, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց՝ այո, տեղյակ են, արձագանքել են:
«Ինձնից էլ ցուցակ են ուզել, տրամադրել եմ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով՝ հետևում է գործընթացին: