Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր քայլ կատարեցին՝ վերահաստատելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, կարևոր է այն ամրապնդել. Կատրին Կոլոնա
«Խաղաղության ճանապարհը գտնելը հեշտ չէ, երբեմն՝ երկարատև, սակայն պետք է վճռականորեն կանգնել այդ ճանապարհի վրա»,- այս մասին այսօր Երևանում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, անդրադառնալով հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության գործընթացին, ռեգիոնում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
Նա նշեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկար խոսել է տարածաշրջանային իրավիճակի մասին, և Կոլոնան ասաց, որ Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, Ֆրանսիան միայնակ չէ դա անում, դա անում է ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ՝ կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ:
Ֆրանսիացի դիվանագետի խոսքով, թեև խաղաղության ճանապարհ գտնելը դժվար է և հաճախ երկար, սակայն միակն է: «Ես ասում եմ, որ դա միակ ճանապարհն է, որ հնարավորություն կտա արդար ու կայուն խաղաղության հասնել, միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի ու բնակչությունների համար, ուստի մենք բոլորին քաջալերում ենք վճռականորեն այդ ճանապարհի վրա կանգնել»,- ասաց նա:
Կատրին Կոլոնան հիշեցրեց, որ Պրահայում անցյալ հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը ջանքեր գործադրեցին, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը մի կարևոր քայլ անեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունը և սուվերենությունն են ճանաչում, և դա արվեց: «Կարծում եմ՝ կարևոր է ամրապնդել այս նվաճումը՝ գուցե առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով, սա, թերևս, առաջնային կլինի, կամ այլ քայլեր, բայց անհրաժեշտ է շարունակել այս աշխատանքը:
Տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքը կարևոր է բոլոր երկրների համար, դա նշանակում է նաև հրաժարվել ցանկացած ուժային գործողություններից, և ես դա ասել եմ Բաքվում, կրկնում եմ այստեղ, ադրբեջանական ուժերի առաջխաղացումների ֆոնին մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականության չհարգելը:
Հակառակ պարագայում ևս նույնը կասեինք, եթե հայկական կողմը առաջխաղացումներ ունենար Ադրբեջանի տարածքում: Միջազգային իրավունքը պետք է հարգվի, ու դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան: Ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք կատարում է Ադրբեջանը»,- ասաց Կատրին Կոլոնան: Նա ողջունեց ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ ներկայացուցիչներին՝ նկատելով, որ նրանց գործունեությունը դրական է ռեգիոնի համար:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց, որ Բաքվում ընդգծել են, որ անցակետ տեղադրելու երևույթը Լաչինի միջանցքում հակասում է երկու երկրների միջև զինադադարի համաձայնություններին, և եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ ու պահանջներ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցի համար և ոչ միակողմանի քայլերով:
«Շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, համաձայն ստանձնած պարտավորությունների երկու կողմից: Այդ արգելափակումը արդեն մի քանի ամիս է տևում, և դա ընդունելի չէ և դա չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին, և բացի այդ՝ մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում ԼՂ բնակչության համար»,- նկատեց Կոլոնան: Նա նշեց, որ իրենք ցանկանում են, որ բանակցություններ վարվեն ԼՂ-ի բնակչության իրավունքների ու երաշխիքների շուրջ, ինչպես Նիկոլն Փաշինյանն է ցանկացել: «ԼՂ բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության մեջ, անվտանգության մեջ՝ իր մշակույթի և իր ավանդույթների նկատմամբ հարգանքով»,- ասաց նա: