«Նիկոլը համար մեկ թշնամին է. դավաճանության դիմաց մնացած բոլոր ձեռքբերումները մանրուքներ են». Հարցում
Օրերս «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին անդրադառնալիս՝ Փաշինյանը նշել էր, թե ընդդիմության գործընկերները միտում ունեն ցույց տալ, որ Կառավարության ներկայացրած զեկույցը մի փաստաթուղթ է, որի մեջ ընդգծված ձեռքբերումները Հայաստանի քաղաքացիները չեն զգում, մինչդեռ իրականությունը, ըստ նրա, այլ է:
«Ընդհակառակը՝ սա այն դեպքն է, որ մեր նշած ցանկացած տող ՀՀ քաղաքացին չի կարող չզգալ: Վերջին 5 տարում կառուցված, հիմնանորոգված և նորոգված ճանապարհներով՝ 2500 կմ, քաղաքացին չի կարող չերթևեկել և չի կարող չնկատել: ՀՀ քաղաքացիները չեն կարող չնկատել առողջապահական լրացուցիչ ծառայությունները, որ ստացել են ՀՀ առողջապահական հիմնարկներում»,- այս և այլ թվարկումներն էր արել Փաշինյանը:
168.am-ը որոշեց հենց քաղաքացիներից հետաքրքրվել՝ արդյո՞ք այդ ձեռքբերումներն ու աճերը զգում են իրենց վրա։ Պարզվեց, որ հարցվողների մեծ մասը ոչ միայն չի զգում, այլև առկա սրված անվտանգային մարտահրավերների պարագայում չի էլ կարևորում այդ մասին դիտարկումները:
«Ինձ դրանք չեն հետաքրքրում. այսօր երկրի անվտանգության խնդիրն է առաջնային, իսկ դրանք մանր ատրիբուտներ են: Այսօր ժողովրդի անհանգստությունը երկրի անվտանգության հարցն է և Արցախը»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ ուրիշն էլ նշեց՝ դավաճանության դիմաց մնացած բոլոր ձեռքբերումները մանրուքներ են:
«Մեր փառապանծ հաղթանակը նա տանուլ տվեց, մեր հպարտությունը կորցրեցինք բոլորս»,- հավելեց նա:
Մարզից Երևան եկած մի կին վստահեցրեց՝ կառավարության ձեռքբերումները զգում է. «Լավ ավտոբուսներ են. լավ կլինի՝ բոլորը փոխվեն: Ես մարզից եմ, ճանապարհները շատ լավ վիճակում են»:
Իսկ անվտանգային մարտահրավերների և հատկապես շրջափակված Արցախի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքացիները հիմնականում նշում էին օրվա իշխանությունների պատասխանատվության մասին՝ շեշտելով. «դիվանագիտությունը պետք է աշխատի», «Նիկոլն ու նիկոլականները պետք է պատասխան տան»:
Մանրամասները՝ տեսանյութում