Պետությունը միլիոններ է ծախսում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատավարձերի վրա, իսկ բարեփոխումները չկան ու չկան

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ 58 միլիոն 585 հազար դրամի չափով գումար է նախատեսվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների աշխատավարձային ֆոնդի համար։ Ֆոնդը հաշվարկված է հանձնաժողովի 5 անդամների 2023 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերի համար։

Կառավարությունը, իհարկե, նշում է այն մասին, որ գումարի մի մասն ապահովվելու է Եվրոպական միությունից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի 2023թ. հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդի հաշվին, սակայն էությունը դա չէ։ Խնդիրը հենց բուն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առկայությունն է ու վերջինիս գործունությունը, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունը։

Սահմանադրական բարեփոխումների առաջին հանձնաժողովը վարչապետի որոշմամբ ստեղծվել էր դեռևս 2019թ.-ին։ 2022թ. մարտին ձևավորվեց ու հաստատվեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը բաղկացած էր 5 անդամից։ Այդ ժամանակ կառավարության որոշմամբ հանձնաժողովի անդամների վարձատրության համար հատկացվեց 31 միլիոն 480 հազար դրամ գումար։ 2022թ.-ի ընթացքում, սակայն, հանձնաժողովի ողջ գործունեությունը սահմանափակվեց միայն քննարկումներ ու հանդիպումներ իրականացնելու ձևաչափերով Երևանում և ՀՀ մի շարք մարզային քաղաքներում, որոնք իրենց հերթին՝ կրկին հավելյալ կազմակերպչական ծախսեր էին ենթադրում։ 2022թ. նոյեմբերին հայտարարվեց, որ հանձնաժողովը մի շարք որոշումներ է կայացրել պետության կառավարման ձևի, նախագահի լիազորությունների շրջանակի և գործող Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների որոշ դրույթներում փոփոխություններ կատարելու հարցերի վերաբերյալ, սակայն այդ որոշումները մինչև օրս շրջանառության մեջ չեն դրվել։

2022 թվականի դեկտեմբերին հանձնաժողովի անդամների կազմը հաստատող որոշումը ճանաչվեց ուժը կորցրած։ 2023թ. ապրիլ ամիսն արդեն ավարտվում է, իսկ փետրվար ամսից հանձնաժողովի համար նախատեսված 5 անդամներից միայն 2-ի թեկնածությունն է ընտրվել։

Ընդ որում, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացվի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Հանձնաժողովը կրկին մրցույթ է հայտարարել՝ ներկայիս կազմը համալրելու համար, սակայն դեռ ամբողջական կազմը չունենալով հանդերձ՝ կառավարությունը հրատապ հաստատում է վերջիններիս աշխատավարձային ֆոնդը, որը, ընդ որում, նախորդ տարվա համեմատ ավելացել է։ Եթե 2022թ. մարտ-դեկտեմբեր ամիսների համար հատկացվել էր 31 միլիոն 480 հազար դրամ գումար, ապա այս տարվա՝ 2023թ. մարտ-դեկտեմբեր ամիսների համար, չգիտես ինչու, նախատեսվում է 58 միլիոն 585 հազար դրամ։

Ինչպե՞ս հասկանալ սա։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ աշխատավարձի բարձրացումն արվում է շահագրգռելու նպատակով։ Փաստացի հունվար ամսից հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել է միայն 2 անդամ, անցել է մոտ 3 ամիս, բայց մնացած 3 անդամների թափուր տեղերը չեն լրացվում։ Սա հիմնավոր կասկածների առիթ է տալիս մտածելու, որ ոլորտի մասնագետները պարզապես չեն ցանկանում գործ ունենալ «սահմանադրական բարեփոխումների» գործընթացների հետ՝ քաջ գիտակցելով դրանցից յուրաքանչյուրի տակ տեղադրված վտանգավոր ականները պետության համար։

Որոշման համաձայն՝ այս հանձնաժողովի անդամ դառնալու համար կարող են դիմել իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ: Միամտություն է կարծելը, թե բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունը կարող է հաղթել այս մասնագետների սկզբունքայնությանը։

Հանձնաժողովի շուրջ ստեղծված այս իրավիճակը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների նախագծերի ներկայացման վերջնաժամկետի մոտեցումը կարող են դրդել Արդարադատության նախարարությանն ու կառավարությանը՝ արհեստականորեն լրացնել հանձնաժողովների անդամների թափուր հաստիքները՝ կազմի մեջ ներառելով յուրային, ոչ կոմպետենտ մասնագետների, որոնց անբարեխիղճ գործունեությունը և առաջարկվող փոփոխություններն անդառնալի հետևանքներ կթողնեն ՀՀ Սահմանադրության վրա, ասել է թե՝ ամբողջ պետության վրա։

Տեսանյութեր

Լրահոս