ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է պետական պարտքն ավելացնելու մասին նախագիծը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հանրապետականների օրինագիծը պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին՝ միաժամանակ կրճատելով բյուջետային ծախսերը: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները:
Փաստաթղթին կողմ է արտահայտվել Ներկայացուցիչների պալատի 217 կոնգրեսական, դեմ՝ 215: Օրինագիծն այժմ ուղարկվում է դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատի քննարկմանը:
Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին օրինագիծ էր ներկայացրել պետական պարտքի վերին շեմը 1,5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին` միաժամանակ առաջարկելով ծախսերը կրճատել ավելի քան 4,5 տրիլիոն դոլարի չափով: Բացի այդ, պետական ծախսերի հետագա աճը պետք է սահմանափակվի տարեկան 1%-ով: Ինչպես նշել է Մաքքարթին, ներկայացնելով օրինագիծը, եթե Սպիտակ տունը ցանկանա ավելի շատ ծախսել, ապա պետք է խնդրի Կոնգրեսի համաձայնությունը։
Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է Կոնգրեսից պահանջել անվերապահորեն ընդլայնել փոխառությունների սահմանաչափերը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն արդեն ամռանը չի կարողանա սպասարկել իր պարտքային պարտավորությունները։ Նախագահը հրաժարվել է պետական պարտքի վերին շեմի շուրջ Մաքքարթիի հետ բանակցություններից և պահանջում է, որ դրա բարձրացումը կատարվի ավտոմատ կերպով, ինչպես դա միշտ եղել է անցյալում: