«Թող հիմա Ռուբեն Ռուբինյանը պատասխան տա՝ դա արդա՞ր էր, թուրքերը մեզ հետ ազնի՞վ են բանակցում». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ եթե Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովել, պետք է գնան՝ խոհանոցում ճաշ եփեն և այլ բանով չզբաղվեն:

«Դա իշխանության տակտիկան է և նույն տրամաբանության մեջ է՝ խեղճուկրակ, հարիֆ, ծեծված ձևանալով՝ փորձել շարունակել իշխանական պաշտոնները զբաղեցնել: 2022թ. երբ Ադրբեջանը 6 կետից բաղկացած նախապայմաններ առաջ քաշեց, դրան պատասխանեց Արարատ Միրզոյանը, որ խոսել են Արցախի ապագա կարգավիճակի, Արցախի ապագայի վերաբերյալ: Իշխանական քարոզչամեքենայի նյութ էր դա, թե՝ ո՞վ է ասում, որ մենք Արցախը մոռացել ենք: Բայց Արցախը մի կողմ մնաց: Սկսեցին ասել, որ Արցախի հարցը պետք է առանձին քննարկվի, Արցախի կարգավիճակի հարցը՝ առանձին, սուբյեկտայնության հարցը՝ առանձին, վերջում՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության հարցը՝ առանձին: Այսինքն՝ այս մեկ տարվա ընթացքում կաթիլ-կաթիլ այդ ամենը զիջելով՝ զրոյացրել են այդ ամբողջ քննարկումը: Հայաստանի դիրքորոշումից ու կեցվածքից է շատ հաճախ կախված Ադրբեջանի ծավալապաշտությունը, ֆաշիստական քաղաքականությունն Արցախի, արցախահայության, և ինչո՞ւ ոչ՝ նաև Հայաստանի նկատմամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ Արցախում ստեղծված իրավիճակը պետք է մարդիկ զգային Հայաստանում, եթե Հայաստանում այլ իշխանություն լիներ. «Մենք նստած՝ մեդալ ենք հաշվում: Արցախցու աչքերով նայեք՝ շրջափակում, ադրբեջանական ագրեսիա, ճանապարհը շատ ավելի վատ վիճակով փակված, տնտեսական, նյութական խնդիրներ, գազ չկա, էլեկտրականության խնդիր կա, ու, ի վերջո, թե Հայաստանում ինչ են մտածում իր մասին, ինքը դիտում է հեռուստատեսությամբ: Մի պահ աչքի անցկացրեք հայկական եթերը՝ կարծես գրեթե ոչ մի բան չի եղել: Երկրի կառավարման կարևոր պաշտոն ունեցող մարդիկ որ ժամերով զբաղվեն միայն ծանրամարտի առաջնությանը հետևելով, արդեն ամեն ինչի մասին խոսում է»:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ երեկ «Հայաստան» խմբակցությունը հատուկ քննարկում է ունեցել. «Առաջիկա ուսումնասիրություններից հետո շատ ավելի ամբողջական փաթեթով դրա մասին կխոսենք, բայց օրերս կառավարությունը մի ամպագոռգոռ հայտարարություն է արել, թե երկու տարով վերանորոգելու է Ցեղասպանության հուշահամալիրը և թանգարան-ինստիտուտը, չի բացառվում, որ այնտեղ վերանորոգման կարիք լինի, բայց երկու տարվա կտրվածքո՞վ: Ժամկետներն էլ պետք է ուսումնասիրենք, թե 2025թ. ո՞ր ամսին է ավարտվելու, որովհետև 2025-ին լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

Կարդացեք նաև

Ի վերջո, մարդիկ հիշողություն ունեն, հիշում են, որ 2015թ. նույն հուշահամալիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ամբողջությամբ կապիտալ վերանորոգվեց: Իշխանությունն այս տարի շատ ավելի ցցուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որպես քաղաքական երևույթ, չխոսեց:

Գործ չանելը ցեղասպանության կրկնության հիմքեր է ստեղծում: Ցեղասպանության դատապարտումը Հայաստանի պետական քաղաքականության մաս է եղել: Ամեն անգամ միջազգային դատապարտումը Հայաստանին շատ ավելի հզորացած էր դարձնում, դարձնում էր միջազգային ասպարեզում ավելի խաղացող, դրանով էր, որ Հայաստանը շատ ավելի զորավոր կարողանում էր ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, զսպել Թուրքիայի ագրեսիվ ախորժակները, զսպել Թուրքիայի՝ Ադրբեջանի թիկունքին շատ ավելի զորավոր կանգնելու բոլոր փորձերը: 2018թ. հետո ամեն տարի դա ավելի քչացավ և Թուրքիային շատ ավելի մղեց դեպի Ադրբեջան: Ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ քաղաքական խնդիր էր լուծում:

Վերջերս Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, հետո այդ երեք պատգամավորներին ԱԺ պատվո շքանշանով պարգևատրման որոշում է ստորագրվել, բայց օրերս մի ողբերգական բան է եղել ԱԺ-ում, երբ մեքսիկացի խորհրդարանականներ են այստեղ եղել և ցավով ասել են, որ իրենց բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Երևանից որևէ ողջույնի ուղերձ չեն ստացել: ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջում Մեքսիկայի Սենատի ընդունած որոշման մասին որևէ բառ չկա, Մեքսիկայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում կա»:

Գեղամ Մանուկյանը հավելեց. «Թող հիմա Ռուբեն Ռուբինյանը պատասխան տա՝ այդքան սրտաճմլիկ, ցավդ տանեմ, ողբում եմ, սգում եմ, ցավակցություններ և այլն… Այդ ինչպե՞ս եղավ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող Սերդար Քըլըչը որևէ սփոփանքի խոսք չասաց հայերին: Արդա՞ր էր: Թուրքերը մեզ հետ ազնիվ են բանակցո՞ւմ: Առանց նախապայմանների են բանակցո՞ւմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս