Նարեկ Մկրտչյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերը կշարունակեն ցանկալի արդյունք արձանագրել։
Ներկայացնելով ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ նախարարը խոսել է մշակվող ոլորտային ռազմավարությունների, սոցիալական պաշտպանության համակարգի թվայնացման, երեխաների իրավունքների պաշտպանության և անկախ կյանքի կենտրոնների ստեղծման, ԱՄՆ լավագույն փորձի ուսումնասիրման և ներդրման հնարավորությունների մասին։
«Սոցիալական պաշտպանության ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները կառուցողական են ու գործընկերային, և ես վստահ եմ, որ այս ոլորտում համատեղ նախաձեռնություններն ապահովելու են համագործակցության նոր մակարդակ։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում աշխատանքի և զբաղվածության, երեխաների իրավունքների պաշտպանության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղություններով»,- նշել է նախարարը։
Դեսպան Քվինը ևս, կարևորելով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, նշել է, որ կան մի շարք ծրագրեր, որոնք ամերիկյան կողմը նախատեսում է իրականացնել ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այս համատեքստում Քրիստինա Քվինն ընդգծել է նաև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում ՀՀ արձանագրած առաջընթացի կարևորությունն ու համատեղ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Քրիստինա Քվինը խոսել է նաև ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձևաչափի մասին, ներկայացրել աշխատանքային խմբերի գործունեությունը՝ առաջարկելով նախարարությանը ևս միանալ իրականացվող աշխատանքներին։ Ընդգծելով նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը հարթակի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։