Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը Արցախ. պետնախարար

Ադրբեջանի կողմից լրացուցիչ սահմանափակումները հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության, այսօր հրավիրված խորհրդակցությանն ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Պետնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ և սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։

«Արդյունքում, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից», – նշել է նա։

Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնափոխադրումներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ արդեն երրորդ օրն է` դրանք նույնպես կասեցված են՝ հավելելով, որ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախի քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն, որից հետո նորություն լինելուն պես կհայտարարվի, փոխանցում են պետնախարարի աշխատակազմից։

Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրները առանձին-առանձին մտահոգություն են հայտնել անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս