Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը. Time
Հեղինակավոր Time պարբերականը հրապարակել է հոդված՝ «Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը» վերտառությամբ:
Հոդվածի հեղինակն է Մարդու իրավունքների համալսարանական ցանցի ավագ ղեկավար Թոմաս Բեքերը: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.
«Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ օսմանցիների ձեռքով զոհվել է մինչև 1,5 միլիոն հայ։ Բայց այս տարի մենք պետք է նաև անդրադառնանք այսօրվան, քանի որ հայերը կրկին բախվում են վայրագությունների մի նոր շարքի, որին աշխարհը հետևում է անտարբերությամբ: Անցած տարվա ընթացքում էթնիկ հայերը ենթարկվել են սպանությունների, սեռական խեղման, մշակութային ոչնչացման, իշխանությունների կողմից անմարդկային հայտարարությունների և հարձակումների մշտական սպառնալիքի. այդ ամենը եկել է Ադրբեջանից՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության՝ Թուրքիայի անմիջական ռազմական և տնտեսական աջակցությամբ։ Իրավիճակը հասել է հումանիտար ճգնաժամի, քանի որ Ադրբեջանը խոչընդոտել է ընտանիքների, սննդի և բժշկական պարագաների տեղաշարժը Հայաստանի սահմանով. քայլ, որը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանը և հենց երեկ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Այսօրվա հայերի համար այս վտանգը կրկին հայտնվել է 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա», – գրում է հեղինակը՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների մասին։
Բեքերը նկատում է, որ աշխարհի համար պատերազմն ավարտվել է, բայց գետնի վրա հայերի նկատմամբ դաժանությունը շարունակվում է։
«Բայց այն, ինչ ինձ ամենաշատն է հուզել Հայաստան կատարած իմ վերջին փաստահավաք այցի ժամանակ, որն իմ երրորդն է վերջին տարում, այն է, որ իրավունքների խախտումները, որոնց ես նախկինում ականատես էի Լեռնային Ղարաբաղում՝ ներառյալ առանց խտրականության սպանությունները, խոշտանգումները և կամայական կալանավորումները, այժմ Ադրբեջանի կողմից անպատժելիորեն իրականացվում են ինքնիշխան հայկական տարածքում»,- շարունակում է Բեքերը՝ մանրամասնելով, որ մարտին ինքը և իմ թիմը Հայաստանում փաստագրել են Ադրբեջանի կողմից վերջին ռմբակոծումների դեպքերը:
«Ամենից անհանգստացնողը, թերևս, այն տեսանյութերն էին, որոնք մեզ ցույց տվեց իր գյուղից փախած մի կին. դրանցում ներկայացված էր՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում և անդամահատում կնոջ հարևանների մարմինները:Եվ երբ մենք հանդիպում էինք խոշտանգումների զոհերի և տեղահանված ընտանիքների հետ, զգոն էինք, քանի որ ադրբեջանցի զինվորները, որոնք դիրքեր էին տեղադրել մոտակայքում հայկական տարածքում, կրակում էին իրենց տեսադաշտում գտնվող մարդկանց վրա:
Ադրբեջանի նախապատրաստումը, հալածանքները, ապամարդկայնացումն ու ժխտումը, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության «փուլ», Genocide Watch-ին դրդել է ցեղասպանության նախազգուշացում հրապարակել Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված հայերի համար: Միջազգային հանրության մյուս անդամները, ներառյալ Միացյալ Նահանգները, նույնպես տագնապ են հայտնել։ Անցյալ տարվա սեպտեմբերին հայկական գյուղերի գնդակոծումից հետո Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտեցին Ադրբեջանի հարձակումները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ արեց անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տնտեսական օգնությունը։ Վրդովմունքը, սակայն, անցողիկ էր, և Ադրբեջանը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել:
Երկու տարի առաջ այս օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմություն կերտեց, երբ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ խոստանալով «զգոն մնալ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով քայքայիչ ազդեցության դեմ» և «վերահաստատելով հանձնառությունը բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք տևական սպիեր են թողնում աշխարհի վրա»։ Որպեսզի Բայդենի հայտարարությունները լինեն ավելին, քան պարզապես խոսքեր, ԱՄՆ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի զսպելու Ադրբեջանի հարձակումներն էթնիկ հայերի դեմ և ցանկացած հետագա ներխուժում ինքնիշխան հայկական տարածք: Նրանք, ովքեր հայերի նկատմամբ կոպիտ ոտնձգություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Մեր փաստահավաք ճամփորդության ընթացքում արված գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում գերակա էր մի թեմա. հայերը և Լեռնային Ղարաբաղի բնակիչները պնդում էին, որ ոտնձգությունները, որոնց մենք ականատես ենք եղել, տարածաշրջանից հայերին արմատախիլ անելու ավելի մեծ արշավի մի մասն են: Թեև ոմանք կարող են այս պնդումները որակել որպես խուճապային, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այլ բան են հուշում: Վերջին տասնամյակի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կիրառել են Ռուանդայի ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ օգտագործված լեզուն՝ հայերին անվանելով «քաղցկեղային ուռուցք» և «հիվանդություն», որը պետք է «բուժվի»: Վերջերս երկրի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիևը սպառնացել է «հայերին շների պես վտարել» և հայերին վերաբերվել որպես վիրուսով վարակված «հիվանդի»։ Բաքվի կառավարությունը նույնիսկ թողարկել է 2020 թվականի հատուկ նամականիշ, որում պատկերված է հատուկ հանդերձանքով անձ, որը «ախտահանում է» Լեռնային Ղարաբաղը։
Նույնչափ մտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանը նվաճելու մասին. Ալիևի իշխանության գալուց ի վեր պաշտոնյաները հայտարարել են, որ «մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է», և պնդում են, որ հայերը «իրավունք չունեն ապրելու այս տարածաշրջանում»:
Ալիևը պնդել է, որ «Երևանն իրենց պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադառնան ադրբեջանական հողեր… Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է»։
Անցյալ շաբաթ նա հայտարարեց. «Մի օր հայերը կարող են արթնանալ և տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերևում»:
Երբ բռնակալներն ու կռվարարները խոսում են, խելամիտ է ուշադրություն դարձնել նրանց ասածներին: Բառերը կարող են չսպանել, բայց դրանք հաճախ ուղղակիորեն հանգեցնում են գործողությունների, որոնք սպանում են», – եզրափակել է հոդվածագիրը: