Ցավակցություն և զորակցություն․ ինչի՞ մասին են խոսում Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանների գրառումները
եղասպանության հուշահամալիրը նախորդ տարի ունեցել է մոտ 100 հազարից ավել այցելու։ Նրանց թվում են նաև պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները։ Հուշահամալիր այցելությունը հիմնականում ուղեկցվում է թանգարան շրջայցով, որտեղ այցելուները ծանոթանում են 1915 թվականին հայերի նկատմամբ տեղի ունեցած արհավիրքի մասին վկայող ցուցանմուշներին։ Ավարտին՝ շատերը հնարավորություն ունեն գրառումներ կատարել հատուկ դրանց համար նախատեսված մատյանում։ Թանգարան-ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչ այժմ,ընդհանուր առմամբ, գրառումների 35-ից ավելի մատյան է պահվում։
«Թանգարանի բացման առաջին մի քանի տարին թե պաշտոնական պատվիրակությունների, թե մյուս այցելուների համար եղել է մեկ մատյան։ Հետագայում գաղափար առաջացավ պատվիրակությունների համար առանձին մատյան դնել։ Ցեղասպանության հուշահամալիր այցելությունը պետական արարողակարգի մաս է կազմում։ Հայաստան եկած պատվիրակություններն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ցանկության դեպքում՝ գրառում կատարում։ Որոշվեց պաշտոնական պատվիրակությունների համար առանձին մատյան դնել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թանգարանի աշխատանքային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։
Թանգարան ինստիտուտի պահոցում պահվող գրառումների առաջին մատյանը դրվել է 1996 թվականին։ Դրանում գրառումներ են կատրել ինչպես պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, այնպես էլ մյուս այցելուները։ Առաջին գրառումն արվել է 1996 թվականի հունվարի 25-ին։ Ավելի ուշ առանձնացվել են պաշտոնական պատվիրակությունների մատյանները։
«Ահավոր փորձություններ, որոնք բաժին են հասել հայ ժողովրդին 1915-1916 թվականներին։ Ողբերգություն է, որը եղել և մնում է մարդկության ցավ։ Սգում ենք զոհերի հիշատակը, գլուխ խոնարհում հայ ժողովրդի մեծության և անսասանության առաջ։ Մարդկությունը պետք է անի ամենը, որպեսզի թույլ չտա նման հանցագործությունների կրկնությունը ապագայում»,-Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց առաջին պաշտոնական գրառումներից մեկը՝ արված այդ ժամանակ ՌԴ պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի կողմից:
Արդեն այսօր 5 մատյանները ամփոփում են պաշտոնական պատվիրակությունների գրառումները։ Բազմաթիվ երկրների նախագահներ, վարչապետեր, Հռոմի պապ, քաղաքական, հասարակական գործիչներ և այլք։ Նրանք բոլորը դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և իրենց զորակցությունը հայտնում հայ ժողովրդին։
«Մեծ իրադարձություն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ վերաբացվեց թանգարան-ինստիտուտը։ Վերաբացումից հետո միանգամից 4 օտարերկրյա նախագահի այց եղավ Հայաստան, մասնակցեցին ապրիլի 24-ին զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Նրանք այցելեցին թանգարան ու գրառում կատարեցին պաշտոնական պատվիրակությունների մատյանում։ Թանգարանի վերաբացումից հետո առաջին գրառումը Հայաստանի նախագահինն էր, հաջորդեցին Ռուսաստանի, Սերբիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի նախագահների գրառումները»,-ասաց նա։
Վերաբացումից հետո մյուս այցելուների համար դրվեց նոր հաստափոր մատյան, սակայն այն ամբողջությամբ լրացվեց 4 օր անց։ Թանգարանն արդեն ապրիլի 30-ին նոր մատյան բացեց։
«Գրառումների բնույթը շատ հետաքրքիր ու որակական փոփոխության է ենթարկվում տարիների ընթացքում։ Սկզբում ցավակցական, այնուհետև դատապարտող գրառումներ էին։ Տեղացի այցելուները հիմնականում գրառում-բողոք են թողնում, օտարազգիները դատապարտող գրառումներ են կատարում։ Շնորհակալություն են հայտնում նաև ցուցադրության միջոցով կատարած աշխատանքի շնորհիվ հիշողությունը վառ պահելու համար»,-ասաց Լուսինե Աբրահամյանը։
2015 թվականից հետո ամենաշատ հանդիպող գրառումը հետևյալն է ՝ «հիշում եմ և պահանջում»։ Թանգարան են այցելում ամենատարբեր երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Իրան, Վրաստան, ինչպես նաև Թուրքիա։
«Հիմնականում այցելում են այն թուրքերը, որոնք ցանկանում են իմանալ ճշմարտությունը։ Շատ թուրք այցելուներ գրառումներ են թողնում։ Նրանց ճնշող մեծամասնությունը ներողություն է խնդրում»,-հավելեց թանգարան ինստիտուտի փոխտնօրենը։
Ցեղասպանության թանգարանը եզակի կառույց է, որտեղ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններով յուրաքանչյուր այցելուի մանրամասն ներկայացվում են 1915 թվականին թուրքերի կողմից իրականացրած ողբերգական իրադարձությունների անհերքելի փաստերը։ Այցելուների տպավորությունները, ցավակցական ու զորակցության գրառումները շարունակում են ամփոփվել մատյաններում:
Հեղինակ՝ Աննա Գզիրյան