Բաժիններ՝

Այսօր էլ մեր երկրին պատուհասած վտանգի ու հայաթափման քաղաքականության ականատեսն ենք. Ալեն Սիմոնյանի ուղերձը Ապրիլի 24-ի առթիվ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել:

«1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արեւմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները: Նրանք աղաղակում էին հայասպան քաղաքականության դեմ բոլոր հնարավոր միջոցներով, նրանք արձանագրում էին անարդարությունը՝ ուշադրություն հրավիրելով մեկուկես միլիոն հայերի կոտորածին: Ջարդերի օրերին է, երբ Գերմանիայի կանցլերը նամակ է ստանում իր երկրի դեսպանից, որը բառացի ասում է՝ բնաջնջելով հայ ազգին եւ լուծելով «Հայկական հարցը»՝ թուրքական կառավարությունը մերժում է ընդունել Գերմանիայի ներկայացուցիչներին, ամերիկացիներին, Պապի պատվիրակությանը, մերժում է լսել աշխարհի մեկ երրորդը ներկայացնող արեւմտյան հասարակության կարծիքը:

Դրանից շատ տարիներ անց առաջավոր աշխարհը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտում, իսկ Ցեղասպանության զոհերը Պապի կողմից սրբադասվում են:

Այսօր էլ մեր երկրին պատուհասած վտանգի ու հայաթափման քաղաքականության ականատեսն ենք, երբ դաժանաբար փորձում են ջնջել հայկական հետքը, վերացնել մեր մշակույթը: Քաղաքակրթության վերջին փուլեր թեւակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ: Աշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը՝ հանուն զարգացման ու առաջընթացի, հանուն նոր աշխարհի նոր քաղաքացու:

Խաղաղություն մեր անմեղ զոհերի հոգիներին, ապրենք ու ապրեցնենք մեր երկիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս