«Փաշինյանն ասում է՝ Ալիև, դու պատերազմով կարող ես հարց լուծել. Ալիևը Սյունիքն է ուզում». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն Ալիևի սանձարձակությունը պայմանավորում է երկու գործոնով՝ Փաշինյանի թուլությամբ և միջազգային անպատժելիությամբ:

«Նիկոլ Փաշինյանը հստակ տեղեկատվական, հոգեբանական պատերազմ է տանում մեր ժողովրդի դեմ՝ մի քանի ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին պատրաստում է նորանոր զիջումների: Տեսեք՝ նա ԱԺ-ում ունեցած իր վերջին ելույթում փոխանակ զեկուցեր, թե ինչ են արել կառավարության ծրագրի իրականացման հարցում, ասաց, որ ամբողջությամբ ձախողել է, նոր ծրագիր է իմպրովիզ արել ու ոտքի վրա ամեն օր հորինում են՝ խաղաղության օրակարգն ինչ տեսք պետք է ունենա: Երկրորդ՝ նա ասում է՝ մենք կապը չենք կտրել քաղաքացիների հետ, ասում է՝ պետք լինի՝ գյուղ առ գյուղ կգնանք, կապացուցենք, որ ճիշտ ենք: Ես մտածում եմ, որ իրենք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններն ընկալելու են՝ որպես քվե, որ իրենք գնան նոր զիջումների և՛ Արցախի, և՛ Հայաստանի հարցում, ուստի, օգտագործելով առիթը, կոչ եմ անում քաղաքացիներին իմանալ, որ սա զուտ կառավարչի ընտրություն չէ, սա հստակ քաղաքական ընտրություն է, և բոլոր այն քաղաքացիները, որոնք կգնանք ու ՔՊ-ին ձայն կտան, հատկապես՝ այս վերջին ելույթից հետո, դա նշանակում է, որ իրենք ձայն են տալիս Արցախի և Հայաստանի հարցում նորանոր զիջումների, որը կարող է հանգեցնել պետականության կորստի»,- 168TV-ի  «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հայրապետյանի խոսքով՝ եթե մարդիկ ձայն տան ՔՊ-ին, հետո Նիկոլ Փաշինյանն ասելու է, որ նախապես ասել էր, թե ինչ են անելու. «Փաշինյանը շատ հստակ ասում է, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս և պատրաստ է գնալ Հայաստանի հարցում ցավոտ զիջումների: Եթե այդքանից հետո գնում ու քվեարկում ես այն կուսակցության օգտին, որը ինքն է ղեկավարում, ուրեմն՝ դու դրա կողմնակիցն ես: Հիմա, Նիկոլ Փաշինյանը երբ նման քաղաքականություն է որդեգրում, ասում է՝ Ալիև, դու պատերազմով կարող ես հարց լուծել, կարող ես ստիպել մեզ հրաժարվել մեր իսկ պետության բանակցություններից, մեր իսկ կենսական իրավունքներից, դու դա կարող ես անել պատերազմով: Արդյո՞ք սա ուղիղ հրավեր չէ, որ՝ դու պատերազմով կարող ես հարց լուծել և չես ենթարկվի պատասխանատվության: Եթե դու թույլ ես, քայլեր չես ձեռնարկում, անգամ միջազգային իրավական գործիքակազմը, որը ունես ձեռքիդ, չես օգտագործում, այո, դու դրանով արագացնում ես այդ էսկալացիայի և պատերազմի հնարավորությունը»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից մադրիդյան սկզբունքների խեղաթյուրմանը, նա նշեց, որ Փաշինյանի մոտ պաթոլոգիա է դարձել ստելը. «Ինձ թվում է՝ նա չի կարողանում ճիշտ խոսել: Մադրիդյան սկզբունքներում հստակ գրված է, որ նպատակը պլեբիսցիտի անցկացումն է՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, ու դա միջազգայնորեն ամրագրվում է, և լինելու է այն մարդահամարի տվյալներով, որ եղել է 1988թ.-ին: Բայց այստեղ այլ հարցեր են առաջանում՝ եթե նախկին իշխանությունները Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչել, ապա ինչո՞ւ Ալիևը մերժեց այս փաթեթը, այս հարցի պատասխանը Փաշինյանը վստահորեն չի կարող տալ»:

Ըստ նրա՝ Փաշինյանի այս քաղաքականությունը մի բանի մասին է հուշում. «Նա մի բան է անում, ուզում է իրեն ալիբի ապահովել՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու առումով: Ուրիշ խնդիր նա չի լուծում: Պետք է հստակ հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստում է հիմք՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար, և դա արդարացնում է՝ օգտագործելով նախկին իշխանությունների գործոնը, և երկրորդ՝ փորձելով ցույց տալ, թե դրանով նա փրկում է Հայաստանը: Բայց արդյո՞ք նա փրկում է Հայաստանը, բնականաբար, ոչ, որովհետև նախ՝ արդեն զիջումների է գնացել, երկրորդ՝ իր նույն խոսքում ասում է՝ բայց ես չեմ վստահեցնում ձեզ, որ սա լուծում է: Այսինքն՝ ասում է՝ կզիջեմ, ժողովուրդ ջան, բայց վստահ չեմ, որ խաղաղություն կլինի, որովհետև խաղաղությունը միակողմանի չեն կառուցում: Նա Հայաստանը տանում է զիջումների, փորձությունների և այնպիսի խնդիրների առաջ է կանգնեցնում, որ կարող է մինչև պետականության կորստի հանգեցնել»:

Հարցին՝ Ադրբեջանը պատերազմի՞ է պատրաստվում, նա պատասխանեց. «Միանշանակ, և իր վերջին ելույթում Ալիևը դա պարզ ասաց: Ալիևը ինչ-որ ռևանշիստներով է դա արդարացնում, որոնք գոյություն չունեն, ասում է՝ կան ռևանշիստներ, և մենք պետք է պատերազմի պատրաստվենք, բայց եթե ներկայիս իշխանությունները ձեզ զիջում են, էլ ի՞նչ պատերազմի մասին է խոսքը: Ինչքան էլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է թուղթ ստորագրել, ես վստահ եմ, որ Ալիևը չի ուզում թուղթ ստորագրել, ես վստահ եմ, որ այս իրավիճակում ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանը ճանաչի Արցախը՝ Ադրբեջանի մաս, Ալիևին այդ թուղթը բավարար չէ, որովհետև նա ավելին է ուզում: Ալիևն ուզում է Սյունիքը ու իր բոլոր ելույթներում դրա մասին է խոսում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս