Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ռեկտոր ունի
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհուրդը բաց մրցույթ էր հայտարարել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին կարող էին մասնակցել 65 տարին չլրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն՝ գիտական աստիճան, առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:
Ապրիլի 20-ին տեղի ունեցած ընտրությանը մասնակցել է երկու հոգի՝ նախկին պրոռեկտոր, սցենարիստ Սառա Նալբանդյանը և ինստիտուտի ուսումնական մասի վարիչ Հասմիկ Իսրայելյանը:
Հոգաբարձուների խորհրդի 19 անդամից 14-ը քվեարկել է Նալբանդյանի օգտին, 4-ը քվեարկել է Իսրայելյանի օգտին, 1-ը՝ բոլորին դեմ։
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներից շատերին ուրախացրել է այն, որ ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը:
«Կարծում ենք, արժանի թեկնածու էր»,- մեզ հետ զրույցում ասացին ուսանողները՝ հայտնելով, որ ռեկտորի երկու թեկնածուներն էլ հանդիպել են իրենց, ներկայացրել ծրագրերը:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք անդրադարձ եղե՞լ է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին շրջանառվող լուրերին, ինստիտուտի ուսանողներից Ավետիք Կալամդարյանն արձագանքեց.
«Կոնկրետ այս հարցը տրվել է Սառա Նալբանդյանին, սակայն, քանի որ դեռ նախագիծը չկա, թեման չի քննարկվել։ Երբ ԿԳՄՍ նախարարության կողմից կհստակեցվի նախագիծը, թե՛ մենք, թե՛ ռեկտորը կծանոթանանք նախագծին, ու այդ ժամանակ էլ կսկսվի հնարավոր ելքերի քննարկումը։ Հստակ ոչ մի նախագիծ գոյություն չունի»:
Հավելենք, որ Սառա Նալբանդյանն արվեստագիտության թեկնածու, թատերագետ-կինոգետ, դրամատուրգ-սցենարիստ է: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը: 2001-2008թթ. դասախոսել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: 2003թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող է: 2008-2010թթ. սովորել է Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրայում:
2010-2011թթ. աշխատել է որպես գրական մասի վարիչ` Սոս Սարգսյանի անվ. պետական համազգային թատրոնում: 2011 թվականից առ այսօր՝ Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ: Եղել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական փառատոնի գեղարվեստական համակարգողը, Երևանում իտալական կինոյի շաբաթների համակարգողն ու փորձագետը:
2004-2012թթ. Երիտասարդ արվեստաբանների խորհրդի և 2010 թվականից առ այսօր Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ է: 2020 թվականից՝ «Թատերակետեր» թատերագիտական կայքի փորձագիտական խորհրդի անդամ:
Հավելենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, տևական ժամանակ է՝ ռեկտոր չուներ:
Նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Նա նաև կենսաթոշակային տարիքի էր: