Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչը գոհ է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների արդյունքներից
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը երիտասարդների աշխարհի առաջնության և Եվրոպայի մեծահասակների առաջնություններում հայ մարզիկների գրանցած արդյունքներից գոհ է:
«Տարին իսկապես ծանրաբեռնված է: Երիտասարդների աշխարհի առաջնությանը հաջորդեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Երիտասարդների աշխարհի առաջնությունում մենք նախատեսել էինք մեդալներ, բայց մեր սպասելիքները գերազանցվեցին: Մարզիկներն արեցին ամեն ինչ, ինչի ունակ էին»,- ասաց Սերոբյանը:
Մասնագետի խոսքով` անսպասելի էր թիմային պայքարի արդյունքը (խմբ. Հայաստանը թիմային պայքարում 4-րդն էր), քանի որ դրական արձագանքը շատ էր:
«Մենք մրցաշարերի չենք գնում ինչ-որ երկրների հաղթելու, մենք գնում ենք բուն մրցաշարում հաղթելու: Ամբողջ աշխարհի համար Համլետի հաղթանակը սենսացիա էր, մեզ համար` ոչ: Մենք գիտեինք, որ նա կարող է»,-շեշտեց Սերոբյանը:
Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև Եվրոպայի մեծահասակների առաջնությանը և ընդգծեց, որ Արթուր Դավթյանի ոսկե մեդալը սպասելի էր:
«Արթուրը ֆավորիտ էր, և սպասելիքներն, իհարկե, բարձր էին։ Նա արդարացրեց սպասելիքները: Իսկ Վահագն Դավթյանի այս ելույթը լավագույնների մեկն էր նրա կարիերայում»,-ասաց նա:
Հայաստանի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանն էլ առանձնացրեց, որ երիտասարդ մարմնամարզիկները ջանասեր աշխատանք են կատարել աշխարհի առաջնության ժամանակ:
«Վարժություններ կան, որոնցում պետք է առավել ուժեղանանք: Համլետ Մանուկյանն, օրինակ, պետք է առավել ուժեղանա պտտաձողի վրա»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: Իսկ ահա երիտասարդների աշխարհի առաջնությունում Համլետ Մանուկյանը դարձավ ԱԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձավ փոխչեմպիոն: