Բլինքենը Սուդանում ստեղծված իրավիճակը քննարկել է հակամարտության կողմերի հետ
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին զրույցներ է ունեցել Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի և երկրի «Արագ աջակցության ուժերի» ղեկավար Մոհամեդ Համդան Դագալոյի (Հեմեթի) հետ:
«Բլինքենն ընդգծել է հրադադարի հրատապ անհրաժեշտությունը՝ ապահովելու մարդասիրական օգնության առաքումը մարտական գործողությունների հետևանքով տուժածներին, Սուդանի ընտանիքների վերամիավորումը և թույլ տալու Խարթումում գտնվող միջազգային հանրությանը՝ երաշխավորել իր ներկայության անվտանգությունը», – ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի պետքարտուղարը «խիստ մտահոգություն» է հայտնել Սուդանում տևական ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհերի և վիրավորների առնչությամբ։
Բլինքենը նաև ընդգծել է երկու գեներալների պատասխանատվությունը՝ «ապահովելու քաղաքացիական անձանց, դիվանագիտական անձնակազմի և հումանիտար աշխատողների անվտանգությունն ու բարեկեցությունը»:
Իր հերթին Հեմեթին Twitter-ում հայտնել է, որ Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «կենսականորեն կարևոր հարցեր» ։
Սուդանում բախումների 3 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 185 մարդ, ավելի քան 1800-ը վիրավորվել է:
Իրավիճակը Սուդանում բարդացել է ապրիլի 15-ին, երբ երկրի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում բանակի ու «Արագ աջակցության ուժերի» միջև բախումներ սկսվեցին ծանր զինատեսակների կիրառմամբ։ «Արագ աջակցության ուժերի» հրամանատարության հայտարարություններում ասվում է, որ ներկայիս իրադրությունն ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, շրջափակման մեջ վերցրին իրենց բազաներից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է այն բանով, որ «Արագ աջակցության ուժերը» վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ գործողությունների համաձայնեցման։